ԱՄՆ Սենատում Կիեւին մոտ 61 միլիարդ դոլարի օգնություն նախատեսող օրինագծի հաստատումից հետո Վաշինգտոնը Կիեւին ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության էր արժանացել Ուկրաինային օգնություն նոախատեսող նոր օրինագիծը։
Բացի այդ, բանակցությունների ընթացքում Բայդենն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է տնտեսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային եւ աջակցել կարեւորագույն ենթակառուցվածքների վերականգնմանը։
Զելենսկին էլ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին եւ Կոնգրեսին հաստատված օգնության համար։ «Ես նաեւ նշել եմ օրինագծին երկկուսակցական աջակցությունը եւ խոսնակ Մայք Ջոնսոնի եւ փոքրամասնության առաջնորդ Հեքիմ Ջեֆրիսի անձնական դերերը: Պալատի մյուս որոշումները վերաբերվում են ռուսական ակտիվների բռնագրավման թույլ տալուն, որը հզոր ազդանշան է ուղարկում մեր բոլոր գործընկերներին»,-գրել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։
Նախատեսվում է, որ Սենատը օրինագծի քննարկումը կսկսի երեքշաբթի օրը: Նախնական քվեարկությունը տեղի կունենա կեսօրից հետո, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Օրինագծի վերջնական ընդունումը սպասվում է հաջորդ շաբաթ, որից հետո Բայդենը կարող է ստորագրել այն։