ԱՄՆ Պետդեպարտամենտը 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման, Լաչինի միջանցքի փակման եւ էթնիկ հայ պաշտոնյաների ձերբակալության մասին հիշատակել է 2023 թվականի Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում։ Դրանում նաեւ անդրադարձ է կատարվել պետական կառույցների կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերին եւ կոռոպցիայի դեմ պայքարի Հայաստանի կառավարության իրականացրած քայլերին։
«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ փախել են Հայաստան՝ Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո, որոնք իրականացվել են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով: Դա հաջորդեց Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Լաչինի միջանցքի փակմանը քաղաքացիական եւ առեւտրային նշանակության ապրանքների մեծ մասի մուտքի համար՝ թույլատրելով միայն ընդհատվող մարդասիրական մուտքը 2022 թվականի դեկտեմբերից մինչեւ սեպտեմբերի 24-ը, երբ այն վերաբացվեց Լեռնային Ղարաբաղից դեպի դուրս միակողմանի երթեւեկության համար»,-ասվում է զեկույցում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակել է քրեական պատասխանատվության ենթարկել կալանավորված էթնիկ հայ քաղաքացիներին եւ հայ զինվորներին հանրային դատավարություններում, որոնք զուրկ են պատշաճ ընթացակարգի տարրերից, ինչպիսիք են հարցաքննության ժամանակ դատապաշտպան ունենալու իրավունքը, հիմնարար ապացույցների չափանիշներին համապատասխանելը եւ անկախ դատական համակարգի բացակայությունը:
Զեկույցում նաեւ նշվում է տարվա ընթացքում ադրբեջանական ուժերը հարվածներ են հասցրել նաեւ Հայաստանի ներսում գտնվող որոշ ենթակառուցվածքներին։
Անդրադառնալով Կառավարության գործունեությանը նշվում է, որ Հայաստանն ամրապնդել է կոռուպցիայի դեմ պայքարի իր ինստիտուցիոնալ շրջանակը՝ կիրառելով իր նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը մի քանի ուղղություններով։
Փաստաթղթում ընդգծվում է, որ «բազմաթիվ հասարակական կազմակերպություններ զեկուցել են անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրավապահների կողմից բռնության կամ խոշտանգումների դեպքերի զգալի աճի մասին եւ պնդում են, որ նման վարքագիծը դառնում է համակարգային եւ հաճախ մնում է անպատիժ»:
ԱՄՆ Պետդպարտամենտի զեկույցը նաեւ նշում է, որ նախկին եւ գործող պետական պաշտոնյաների եւ իրավապահ մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննելու եւ պատժելու համար Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է միայն «սահմանափակ վստահելի քայլեր»:
«2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որեւէ առաջընթաց չի արձանագրվել»,-ասվում է զեկույցի տեքստում։