Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին հեռահար հրթիռներ (մինչեւ 300 կմ) գաղտնի մատակարարումներ է իրականացրել Ուկրաինային, որոնք նախորդ շաբաթ ուկրաինական բանակը օգտագործել է առաջին անգամ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայից ստացված տեղեկատվությանը, ով այն տրամադրել է անանուն մնալու պայմանով։
Աղբյուրը չի նշել թե քանի հրթիռ է փոխանցվել Կիեւին, սակայն պատմել է, որ դրանք առաջին անգամ օգտագործվել են ապրիլի 17-ի առավոտյան եւ արձակվել են Ղրիմի ռուսական օդանավակայանի ուղղությամբ, որը ուկրաինական ռազմաճակատի գծից գտնվում է մոտ 165 կմ հեռավորության վրա։ Նրա խոսքերով հրթիռները ներառվել էին մարտին Ուկրաինային տրամադրվող 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթում։
Reuters աղբյուրը պատմել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր թիմին կարգադրել է յադ ֆինանսավորման փաթեթի մեջ ներառել հեռահար ATACMS համակարգերը, սակայն դա անել գաղտնի՝ օպերատիվ անվտանգությունը եւ Ուկրաինայի համար անակնկալի տարրը պահպանելու համար:
Պենտագոնն ի սկզբանե դեմ էր հեռահար հրթիռների մատակարարմանը, մտավախություն ունենալով, որ ԱՄՆ զինանոցից հրթիռների կորուստը կխաթարի զինված ուժերի մարտունակությունը։ Բացի այդ, մտավախություն կար, որ Ուկրաինան դրանք կօգտագործի Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների վրա հարձակվելու համար: Reuters-ի աղբյուրը պնդում է, որ ԱՄՆ-ն մտափոխվել է ռուսական բանակի կողմից Հյուսիսային Կորեայից մատակարարված հեռահար բալիստիկ հրթիռների օգտագործման պատճառով։
Reuters-ը չի հայտնում, թե Ղրիմի վրա իրականցրած որ հարձակումների մասին է խոսքը։ Սակայն ապրիլի 17-ին ռուսական տելեգրամյան ալիքները հայտնել էին «Ջանկոյի» օդանավակայանի վրա իրականացված հարձակումների մասին։