Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ (կամ աշխարհի բնակչության մոտ 15 տոկոսը) հաշմանդամության ունի։ Ընդհանուր առմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց կրթական մակարդակն ավելի ցածր է, տնտեսական հնարավորությունները` սուղ, աղքատության մակարդակը` բարձր:
Երեւանում կազմակերպվել էր երկօրյա «Դեպի աշխարհ` առանց խոչընդոտների. հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական պաշտպանության քաղաքականության ապահովում» թեմայով համաժողով:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին այդ անձանց իրավունքներին, ներառաականությանը եւ սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցեր։
2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան (CRPD): Դրա նպատակն է աջակցել, պաշտպանել եւ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից լիարժեքորեն եւ հավասարապես օգտվելու հնարավորությունը։ Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 2010 թվականին։
Անկախ այդ կոնվենցիայի առկայությունից, աշխարհի տարբեր երկրներում մշակված եւ ընդունված օրենքներից՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները երբեմն խախտվում են։
Այդ մարդկանց երեխաները հասարակության ամենախոցելի անդամներն են։ Տարիքն ու հաշմանդամությունը մեծացնում են նրանց կախվածությունը այլ անձանցից` իրավունքների իրացման տեսանկյունից: Նրանք ֆիզիկական բռնության ենթարկվելու բարձր ռիսկի խմբում են, բացի այս՝ արտակարգ իրավիճակներում հաճախ պատշաճ մարդասիրական օգնություն չեն ստանում։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանն իր ելույթում նշեց՝ պետության, միջազգային կազմակերպությունների ու ՀԿ-ների կատարած աշխատանքի, գործադրած ջանքերի շնորհիվ հասարակության մեջ հաշմանդամություն ունեցողների նկատմամբ խտրականությունը նվազել է, բայց, այնուամենայնիվ, այդ բացասական երեւույթը դեռ կա, ուստի պետք է շարունակել ակտիվորեն պայքարել դրա դեմ։
Ասիական զարգացման բանկի հաշմանդամության հարցերով խորհրդատու Ջոաննա Ռոջերսը նշեց՝ միջավայրի, համընդհանուր ներառականության խնդիր կա ողջ աշխարհում։ Այսուհանդերձ, մեծ քաղաքներում փոփոխություններ ենք նկատում։ Օրինակ՝ մայթերի թեքահարթակները, տեսողության խնդիրներ ունեցողների համար համապատասխան գույներով նշանները, ձայնասյին ազդանշան տվող սարքերը շատացել են։
Հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում ամենամեծ խնդիրը կրթություն ստանալն է։ Մեր երկրում եւս ներառական կրթություն ստանալու համար միջավայրը բավարար մատչելի չէ։
Վիճակագրությունը Հայաստանում
2024 թվականի հունվարի մեկի դրությամբ հաշվառվել է շուրջ 184 հազար հաշմանդամություն ունեցող անձ։ Հաշմանդամության առաջին խմբում հաշվառվել է 9118 անձ (5%), երկրորդ խմբում՝ 61785 (33%), երրորդ խմբում՝103653 (57%)։
Լսողության խնդիրներ ունեցողները երկու տոկոս են, տեսողության խնդիրներ ունեցողները՝ յոթ, մտավոր կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները՝ ութ, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք՝ 27, իսկ քրոնիկ հիվանդություն ունեցողները՝ 56 տոկոս։
«Ընդհանուր առմամբ մեր երկրում հաշմանդամություն ունեցողների թիվը մշտապես տատանվել է ընդհանուր բնակչության 5-6,5 տոկոսի միջակայքում։ Հաշմանդամություն ունեցող անձանցից 27,5-28 տոկոսը յուրաքանչյուր տարի համապատասխան բուժզննություն են անցնում։ Սովորաբար նրանց 94 տոկոսը նորից հաշմանդամության որեւէ խմբում է ներառվում»,- մանրամասնեց Աննա Հակոբյանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց 48 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչ է, 52 տոկոսն՝ արական։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը «Ալիք Մեդիայի հետ զրույցում նշեց՝ վերջին տարիներին մեր երկրում խնդիրներն ավելացել են։
Նրանց սոցիալական վիճակը շատ ծանր է․ հաշմանդամության նպաստի չափը ցածր է։ Աշխատանքի ընդունվելու հնարավորություններն էլ տարեցտարի պակասում են։ Նախկինում կային մեխանիզմներ, որոնք գործատուներին խրախուսում էին աշխատանքի ընդունելու հաշմանդամություն ունեցողներին։ Իսկ այժմ այդ մեխանիզմները գրեթե չեն աշխատում։
«Անհասկանալի է, թե հաշմանդամություն ունեցողն ինչպես պիտի հոգա իր նվազագույն սոցիալական կարիքները։ Նաեւ վերականգնողական սարքերի հետ կապված` մեծ խնդիրներ կան։ Մենք ստիպված ենք օգտվել էժան, անորակ սարքերից ու սայլակներից, եթե, իհարկե, հարազատները չեն օգնում ավելի որակյալը ձեռք բերել»,- նշեց Արմեն Ալավերդյանը։
Մատչելիության խնդիրը, որը կնճռոտ հարց է դարձել, շատ դանդաղ քայլերով է լուծվում։ Վերջին տարիներին աշխատանքներ առանձնապես չեն էլ տարվում այս ուղղությամբ։ Ալավերդյանը վստահեցնում է՝ մինչեւ 2018 թվականը ծրագիր կար․ հաշմանդամություն ունեցողների իրավունքներով զբաղվողները հետեւում էին թեքահարթակների կառուցման գործընթացին։ Եթե դրանք սխալ էին կառուցվում, վերջիններս պահանջում էին շտկել, եւ դա արվում էր։
«Վերջին տարիներին ես չեմ նկատել, որ հաշմանդամություն ունեցողները կամ ՀԿ-ները մասնակցեն թեքահարթակների կառուցման, մոնիթորինգի աշխատանքներին։ Գոնե մեր ՀԿ-ն ներառված չէ նման գործընթացներում։ Թեքահարթակների կառուցման աշխատանքները փոքր ծավալներով են իրականացվում, այն էլ՝ չհամակարգված, քաոտիկ ձեւով»,- նշեց Ալավերդյանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում որոշակի դրական տեղաշարժ կարող էր մտցնել անձնական օգնականի ծառանությունը։ Ցավոք, օգտվելու այնպիսի պայմաններ են սահմանվել, որ մարդիկ խուսափում են դրանից։ Քաղաքացին չի կարող ընտրել իր անձնական օգնականին։
«Անձնական օգնականը մասնակցում է դասընթացների ու ստանում որակավորում։ Ծիծաղելի է․ ինչպե՞ս կարող է մի քանի ամիս դասընթաց անցած մարդը հաշմանդամության տարբեր տեսակեր ունեցողների դեպքում լավագույն օգնականը լինել։ Բացի այդ՝ բոլորը չէ, որ կարող են օգտվել այս ծառայությունից։ Միայն 15 տարեկանից բարձր, կամ սովորող, կամ աշխատող (կամ շուտով աշխատանքի անցնող) մարդիկ են օգտվում։ Իսկ մյուսնե՞րը, մի՞թե նրանք չունեն սրա կարիքը»,- ասում է Ալավերդյանը։
Տարիներ շարունակ հաշմանդամություն ունեցող հարազատին օգնող, բազմամյա փորձ ունեցող մարդիկ լավագույնս կարող էին ստանձնել անձնական օգնականի աշխատանքը, բայց պետությունն այս հնարավորությունը չի տալիս։
Անձնական օգնականի աջակցությունից օգտվելու համար հաշմանդամություն ունեցողը (նույնիսկ նա, ով ցմահ հաշմանդամության կարգ է ստացել) պետք է նախ բուժզննություն անցնի։ Դրանից հետո շատերի հաշմանդամության կարգը փոխվում է։ Օրինակ՝ շատ դեպքեր կան,որ առաջին խմբում ներառված մարդը կրկին հետազոտվելուց հետո հայտնվել է երկրորդ խմբում, որի հետեւանքով նրա արտոնություններն էլ են նվազում, նպաստի չափն էլ։
«Եթե օրենքը հետադարձ ուժ չունի, ինչո՞ւ պիտի հաշմանդամություն ունեցողը ստիպված լինի կրկին հետազոտվելու։ Ընդ որում, անձնական օգնականի օգնություն ստանալու համար դիմած եւ կրկին հետազոտվածների միայն երկու տոկոսն է ներառվել հաշմանդամության առաջին խմբում։ Այսինքն՝ կարգը փոխում են, ուստի մարդիկ խուսափում են այդ ծառայության համար դիմելուց»,- բացատրեց Արմեն Ալավերդյանը։
Նա եւս այդ խնդրի պատճառով չի դիմել, թեեւ ունի անձնական օգնականի կարիք։ Ալավերդյանը կարծում է՝ բուժզննություն ստանալուց հետո ամենայն հավանականությամբ կփոխվի իր հաշմանդամության խումբը։
Ներառական կրթության ոլորտում էլ խնդիրները տարիների ընթացքում չեն լուծվում։ Որոշումներ են կայացվում, որոնք մնում են թղթի վրա։ Կրթական հաստատություններում չկան հարմարեցված պայմաններ, ավելին՝ կրթական ծրագիրն էլ արդյունավետ չէ։
«Կրթության որակը չի կարեւորվում։ Այնպիսի տպավորություն է, որ իրենց համար կարեւոր է, որ երեխան ներառվի ցուցակում, դպրոց հաճախի։ Այս ոլորտում խնդիրներն, իսկապես, շատ են, որոնք հրատապ լուծման կարիք ունեն»,- եզրափակեց Արմեն Ալավերդյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։