Եկեղեցու մուտքի մոտ նստած տարեց գյուղացին ձգեց զանգի պարանը, ներկաները խմբվեցին։ Ոսկեպարում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Վարչական ղեկավարն ու դպրոցի տնօրենը ելույթներում «պայքարելու, քայլ անգամ չնահանջելու, իրենց պապերի ստեղծածին տեր կանգնելու» մասին խոսեցին․․․
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումից հետո հայկական կողմում կմնա (Google Maps), բայց ադրբեջանական սահմանից ընդամենը 20 մետր հեռավորության վրա։ Արդեն նշան է տեղադրվել։
«Այ էն կարմիր «կոլուչկեն» որ կա, էն ցաքի թփի տակ, տեսնում ե՞ս։ Երեկ չէ առաջին օրն են դրել, էստեղից 25 մետր չկա», — գյուղացիներից մեկն է ցույց տալիս։
Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը համոզված է՝ ժողովուրդն անվտանգ կարողանալու է եկեղեցի գնալ, որովհետեւ, ըստ նրա, սահմանը հեռու է լինելու։
«Ըստ իրանց պայմանավորվածության եւ մեզ հասած տվյալների՝ սահմանազատումից հետո դիրքերը հանվելու են, կանգնելու ա սահմանապահ զորքը, ամենքն իրա տարածքում, սովորական, թեթեւ զենքով զինված։ Ասում են՝ Գորիսի կողմում նախադեպը կա, կրակոցներ մինչեւ հիմի չեն եղել։ Մեզ նախադեպն են ներկայացնում, բայց պարզ է՝ անհանգստություն կա։ Հուսանք, որ այստեղ էլ չի լինելու։ Կապրենք, կտեսնենք»,- ասաց վարչական ղեկավարը։
Արդեն սկսված սահմանազատման գործընթացից ո՛չ ժողովուրդը, ո՛չ ղեկավարները գլուխ չեն հանում։ Մեկ բառով սահմանում են իրավիճակը՝ խաբված են։ «Հետո»-ն նույնպես անորոշ է։
«Անորոշ գործընթաց ա։ Էլ ինչի՞ պետք ա սպասենք, սկսվել ա ու գնալու ա մինչեւ վերջ, մինչեւ գետը գնալու են։ Մեզ ասել են՝ վիճելի տարածքները մնալու են վերջում։ Բերքաբերի եռանկյունին եւ Ոսկեպար գետի աջ ափին գտնվող տարածքը, մեկ էլ վերին Ոսկեպարը, մնալու են վերջում։ Անհույս տարբերակ ա, որովհետեւ հանրաքվեի միջոցով ա լինելու։ Մի բան, որ 90 տոկոսով կախված ա լինելու Ադրբեջանից, չես կարա համոզված լինես, որ անեն էդ հանրաքվեն, կանցնի, չի անցնի։ Խնդիրը դրանում ա»,- «Ալիք մեդիա»-ին ասաց Իշխան Աղբալյանը։
Ոսկեպարի դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանն էլ եկեղեցու բակից գյուղի բարձրադիր հատվածն է ցույց տալիս՝ փորձելով բացատրել, թե սահմանազատումից հետո ինչ վտանգների առաջ է կանգնելու գյուղը։
«Վերջին տները, որ երեւում են, դրանից այս կողմ (ձախ – հեղ․)՝ թմբի տակ, դպրոցի ցանկապատն է։ Սահմանը գնալու ա եղեւնիների տակով։ Կարա՞ս ըտեղ անվտանգ դպրոց պատկերացնես։ Տներ էլ կան, որ այգին, ցանկապատն է անցնում Ադրբեջանին»։
Կիրանցում սահմանազատումը դեռ գործնական փուլ չի մտել։ Արդեն յոթ օր Աճարկուտ գյուղի մուտքի մոտ փակ է Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։ Գյուղացիների մի մասն այստեղ է գիշերում։ Ասում են՝ ականազերծման աշխատանքները սկսելու հետ այստեղ կգան «կարմիրները»։
Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն է արվելու։ Այս մասին ապրիլի 19-ին հայտարարել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Մինչդեռ սահմանազատման արդյունքում ճանապարհից բացի բնակելի երեք տուն, գյուղատնտեսական նշանակության հողեր, մասնավոր տարածքներ ու գյուղի գերեզմաններից մի հատված նույնպես ադրբեջանական են դառնալու։
Վաչիկ Գրիգորյանը խանութն է կորցնելու։ Ասում է՝ արդեն կորած է համարում․ դուռը կողպել ու ապրիլի 19-ից համագյուղացիների հետ պայքարում է։
«Հենց էկան, գյուղացիք ոչ մեկը չի հանդուրժելու, սա էն տեսակ թասիբով գյուղ ա, որ կմեռնեն, բայց չեն գնա էստեղից։ Ավելի լավ ա թասիբով մեռնենք, քան որպես փախստական գնանք, ինչ-որ տեղ քոչվոր ցեղի նման ապրենք։ Վարչապետից ոչ մի ակնկալիք չկա, սաղ տված ա։ Իրանք իրանց գործը տեսած են։ Էս ճամփեն էլ չի իրանց պետք, իրանց բիզնեսները էն կողմով (Ալավերդի-Բագրատաշեն) աշխատում են։ Ժողովուրդը փակել էր Բագրատաշենի անցակետը, տեսա՞ք ինչ արավ»։
Օրվա տարբեր ժամերին գյուղացիներին աջակցելու նպատակով Կիրանց են գալիս հոգեւորականներ, քաղաքական, մշակույթի գործիչներ, տարբեր նախաձեռնող խմբեր, քաղաքացիական ակտիվիստներ եւ այլք։
Կիրանցում բոլոր հայերի համախմբմանն են սպասում, ավելի շատ մարդկանց Հայաստանի բոլոր մարզերից։ Իսկ քննարկումներից ու հարցազրույցներից հատկապես տղամարդիկ են խուսափում։
«Նկարեք՝ գալու են, տանեն»,- ասում են։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։