Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները վերջին շրջանում առաջընթաց են գրանցել, սակայն կան որոշ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես նշել է Սի Ցզինպինը, նախորդ տարվա նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ իր հանդիպումը հիմք է դրել ներկայիս շփումների համար։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու կողմերն էլ, իրականացնելով պետությունների ղեկավարների կոնսենսուսը, պահպանել են համագործակցությունը բոլոր ոլորտներում եւ դրական առաջընթաց գրանցել։ Այնուամենայնիվ, դեռ շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, եւ դեռ տեղ կա հետագա ջանքերի համար»,-Սիի խոսքերը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը։
Չինաստանի առաջնորդը նաեւ անդրադառնալով ԱՄՆ-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 45 ամյակին նշել է․ «45 տարվա ընթացքում Չինաստան-ԱՄՆ հարաբերություններն անցել են բազմաթիվ դժվարությունների միջով, ինչը մեզ շատ կարեւոր դասեր է տվել․ երկու երկրները պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ։ Պետք է ընդհանուր եզրեր փնտրել, այլ ոչ թե մրցակցության ոլորտներ»։