Հայաստանի կառավարությունը հայտնում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը: Այդ համատեքստում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ն Հայաստանի համար առանցքային գործընկեր է եւ առանձնահատուկ ընդգծել ՎԶԵԲ ակտիվությունը մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերում: Փոխվարչապետը նաեւ շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ կողմից հավանության արժանացած տնտեսական եւ ներդրումային պլանի իրականացման գործընթացում:
Կողմերը կարեւորել են նաեւ Երեւանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման եւ գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը: