ՌԴ ԶՈՒ Միջազգային հակաականային կենտրոնի պետի տեղակալ գնդապետ Սերգեյ Ստեշենկոն հայտնել է, որ ՄՀԿ-ի մասնագետները Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտու ականազերծման ընթացքում վնասազերծել են նաեւ նախորդ դարի 90-ականների հակամարտության ժամանակներից մնացած ականադաշտերը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ականազերծման առանձնահատկությունն անցյալ դարի 90-ական թվականներից մնացած ականադաշտերն են, որոնց մի մասը դեռեւս չի ականազերծվել, ինչպես նաեւ ականադաշտերի տեղեկամատյանների եւ քարտեզների բացակայությունը:
Դրա հետեւանքով ռուսաստանցի սակրավորները ստիպված են մշտապես տեղանքի ինժեներական հետախուզում կատարել»,- նշել է Ստեշենկոն՝ ելույթ ունենալով Հումանիտար ականազերծման եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի հակազդման 4-րդ միջազգային խորհրդաժողովում:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ստեշենկոն ընդգծել է, որ Ղարաբաղի տարածքում ականադաշտերն առանձնահատուկ վտանգավոր են: Նա շեշտել է, որ ականապատման քայլը հակահետեւակային ականադաշտեր տեղակայելիս քաոսային է, ռազմամթերքը տեղանքում տեղակայված է միայնակ կամ զույգով նույնիսկ ակտիվ մարտական գործություններ չիրականացված տեղամասերում:
Լեռնային Ղարաբաղում տարածքի ականազերծման աշխատանքները շարունակվում են: ՄՀԿ պետի տեղակալը հայտնել է, որ ՄՀԿ-ի մասնագետներն ականազերծել են ավելի քան 2100 հեկտար տարածք, մաքրել 657 կիլոմետր ճանապարհ, ստուգել 1844 շենք եւ շինություն, հայտնաբերել եւ ոչնչացրել ավելի քան 25 հազար պայթյունավտանգ առարկա: Նա նշել է, որ ռուսաստանցի մասնագետները կատարում են ամբողջական ականազերծում՝ պայթյունավտանգ առարկաների որոնումից մինչեւ ոչնչացում:
Հումանիտար ականազերծման եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի հակազդման 4-րդ միջազգային խորհրդաժողովը բացվել է մայիսի 26-ին Մոսկվայի մարզի «Պատրիոտ» կոնգրեսացուցահանդեսային կենտրոնի բազայում: