Ռուսական բանակն ակտիվորեն գրոհում է ուկրաինական առաջնագծի ողջ երկայնքով եւ մարտավարական հաջողություններ ունի որոշ ուղղություններում, այս մասին գրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին իր տելեգրամյան էջում։
Նրա խոսքով, իրադրությունն առաջնագծում սրվել է ողջ շաբաթվա ընթացքում, քանի որ հակառակորդը ուժերը կենտրոնացրել է մի շարք ուղղություններով՝ ստեղծելով ուժերի եւ միջոցների զգալի տարբերություն։
Սիրսկին նշում է, որ իրավիճակը արագ է փոխվում, «առանձին դիրքեր օրվա ընթացքում մի քանի անգամ ձեռքից-ձեռք են անցնում, ինչը հանգեցնում է իրավիճակի ոչ միանշանակ ընկալմանը»։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսքերով Կուպյանսկի ուղղությամբ ռուսական զորքերը կենտրոնացել են Ստելմախովկա եւ Բերեստովո գյուղերի ուղղությամբ եւ մասնակի հաջողություններ են գրանցել այնտեղ, սակայն կանգնեցրել է առաջխաղաղացումը Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների դիմադրությանը հանդիպելուց հետո։ Լիմանի ուղղությամբ ռուսական բանակը հարձակում է իրականացնում Տերնի գյուղի՝ Բելոգորովկայի եւ Ռազդոլեւկայի շրջանի հյուսիսային ուղղությամբ, բայց՝ անհաջող։ Կրամատորսկի ուղղությամբ ամենաթեժ կետերը մնում են Իվանովսկոյեն եւ Չասով Յարը, նշել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը։
Սիրսկին նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի համար ստեղծված ամենադժվար իրավիճակը Դոնեցկի մարզի երկու ուղղություններում է։ Առաջինը Ավդեեւկայից հյուսիս-արեւմուտք գտնվող Օչերետինո գյուղի մոտ է, երկրորդը՝ Կուրախովսկու ուղղությամբ՝ Մարինկայի մոտ։
«Հակառակորդը այս ուղղություններով տեղակայել է մինչեւ չորս բրիգադ եւ փորձում է հարձակողական գործողություններ ծավալել Ավդեեւկայից եւ Մարինկայից դեպի արեւմուտք՝ ճանապարհ անցնելով դեպի Պոկրովսկ եւ Կուրախովո։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները, պահպանելով մեր պաշտպանների կյանքն ու առողջությունը, շարժվեցին դեպի նոր գծեր Բերդիչիից, Սեմենովկայից եւ Նովոմիխայլովկայից արեւմուտք»,-գրել է Սիրսկին եւ ավելացրել, որ այս ուղղություններում ռուսական կողմը որոշակի մարտավարական հաջողությունների է հասել, սակայն չի կարողացել օպերատիվ առավելություն ստանալ։
Կիրակի օրը ՌԴ ՊՆ-ն նույնպես հայտնել էր, որ ռուսական բանակին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Օչերետինոյի հարավ-արեւելքում գտնվող Նովոբախմուտովկա բնակավայրը։
Ուկրաինայի հյուսիսում հարձակողական գործողությունների անհապաղ նախապատրաստման նշաններ չկան, սակայն Խարկովի ուղղությամբ ռուսական զորքեր են կառուցվում, նշել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը։