ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Ալ Ռիադում բանակցություններ են վարել, որի ընթացքում քննարկել են Պաղեստինի Գազայի հատվածում եւ Ռաֆահ քաղաքում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն։
«Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաեւ քննարկել են իրավիճակի զարգացումը Գազայի հատվածում եւ Ռաֆահ քաղաքում՝ ընդգծելով անհապաղ հրադադարի հաստատման եւ հումանիտար օգնության մատակարարման կարեւորությունը»,-ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին Բլինկենը ժամանել է Սաուդյան Արաբիա, որը նրա տարածաշրջանային շրջագայության առաջին կանգառն է։ Այս շաբաթ պետքարտուղարը կայցելի նաեւ Իսրայել եւ Հորդանան, որտեղ ննքարկումներ կանցկացնի Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ։
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի խոսքով՝ պետքարտուղարը այցի ընթացքում կկենտրոնանա Գազայում հրադադարի հաստատման վրա, ինչը թույլ կտա ազատ արձակել ՀԱՄԱՍ կողմից պատանդառվածներին եւ կրկնապատկել բնակչության համար նախետսված մարդասիրական օգնության ծավալը։
Ալ Ռիադում Բլինկենը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստին, կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, ինչպես նաեւ Եգիպտոսի, Հորդանանի, Քաթարի, ԱՄԷ-ի եւ Պաղեստինի ներկայացուցիչների հետ։