Ռուսաստանում եվրոպական յոթ խոշորագույն բանկերը՝ Raiffeisen Bank International, Unicredit, ING, Commerzbank, Deutsche Bank, Intesa Sanpaolo եւ OTP-ն, 2023 թվականին Ռուսաստանի բյուջե են վճարել ընդհանուր առմամբ մոտ 800 միլիոն եվրոյի հասնող հարկ: Այս մասին գրում է Financial Times պարբերականը։
Սա չորս անգամ ավելին է, քան մինչեւ Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումը վճարված հարկերի ծավալները։ Պարբերականի փոխանցմամբ նախապատերազմյան 2021 թվականին եվրոպական բանկերը վճարել էին շուրջ 200 միլիոն եվրո հարկ:
Բոլոր հարկային վճարումների կեսից ավելին բաժին է ընկնում ավստրիական Raiffeisen Bank International-ին (RBI), որն արտասահմանյան բանկերի շարքում ամենամեծ ներկայությունն ունի Ռուսաստանում:
RBI-ի ռուսական շահույթը 2021-2023 թվականներին եռակի աճ է գրանցել՝ հասնելով 1,8 միլիարդ եվրոյի եւ կազմելով ավստրիական խմբի ընդհանուր շահույթի կեսը:
Ըստ Financial Times-ի եվրոպական բանկերի ընդհանուր շահույթը Ռուսաստանում 2023 թվականին գերազանցել է երեք միլիարդ եվրոն։ Raiffeisen Bank International-ը նախկինում հայտարարել էր, որ մտադիր է կրճատել իր ռուսական բիզնեսը, սակայն պարբերականը նշում է, որ ավստրիական բանկի վերջին հրապարակումները Ռուսաստանում ցույց են տալիս «հավակնոտ ծրագրերի» առկայություն՝ կապված հաճախորդների բազան ընդլայնելու հետ:
Deutsche Bank-ը, OTP-ը եւ Commerzbank-ը զգալիորեն կրճատել են իրենց ներկայությունը Ռուսաստանում, հայտնել են բանկի ներկայացուցիչները։ Intesa-ն իր բիզնեսը վաճառելու գործընթացում է։ UniCredit-ը հրաժարվել է մեկնաբանություններից:
Financial Times-ն իր հաշվարկներում չի ներառել ամերիկյան բանկերին, քանի որ նրանք չեն հրապարակել Ռուսաստանում իրենց աշխատանքի արդյունքները։
Ըստ Կիեւի տնտեսագիտության դպրոցի տվյալների, որոնք հիմնված են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի տվյալների վրա, Citigroup-ը 2023 թվականին Ռուսաստանում վճարել է 53 միլիոն դոլարի հարկ եւ դարձել Ռուսաստանի Դաշնության արեւմտյան բանկերի մեջ չորրորդ խոշորագույն հարկատուն: Իր հերթին JPMorgan-ը, ըստ հետազոտական ինստիտուտի, վճարել է 6,8 մլն դոլար։
Ինչպես գրում է FT-ն, արեւմտյան բանկերի հարկերը ցույց են տալիս, թե ինչպես են Ռուսաստանում մնացած օտարերկրյա ընկերությունները «օգնում Կրեմլին պահպանել ֆինանսական կայունությունը՝ չնայած արեւմտյան պատժամիջոցներին»։