Վաշինգտոնն ու Ալ Ռիադը վերջին ամիսներին ինտենսիվ աշխատում են Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին Ալ Ռիադում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք ինտենսիվ աշխատել ենք Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին ամիսներին։ […]Կարծում եմ, որ աշխատանքը, որ Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Նահանգները միասին կատարում են այս հարցում, շատ մոտ է ավարտին»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
ԱՄՆ պետքարտուղարը նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները չի աջակցի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում Իսրայելի հնարավոր գործողությանը, քանի որ չի տեսել խաղաղ բնակչության պաշտպանություն ներառող ծրագիր։
Բլինկենը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ աջակցում է Իսրայելին ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություններում, սակայն միեւնույն ժամանակ ձգտում է վերջ տալ Գազայի բնակիչների «սարսափելի տառապանքներին»:
«Մենք վճռականորեն աջակցում ենք Իսրայելի ջանքերին, որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, այլեւս երբեք չկրկնվի։ Բայց միեւնույն ժամանակ վճռական ենք ամեն բան անելու, որպեսզի վերջ դնենք այն սարսափելի տառապանքներին, որոնք տեսնում ենք Գազայում ամեն օր»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։