Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրանական կողմը համաձայնագրի մասնակից երկրների հետ համաձայնեցրել է միջուկային գործարքի շուրջ դիրքորոշումները:
Ռոհանին հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է լինի միջուկային գործարքի շուրջ իր պարտավորությունների կատարմանը վերադարձողներից առաջինը: Այդ դեպքում Թեհրանը խոստանում է, որ ինքը եւս անհապաղ կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը:
Փորձագետների երեք աշխատանքային խմբերը մշակում են ապագա համաձայնությունների տեքստը: Այն ներառում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման վերսկսում, Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների վերացում եւ Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարում:
Միջուկային գործարքի մասնակից պետությունների ներկայացուցիչներն առանձին խորհրդակցություններ են անցկացնում 2018-ին համաձայնագրից դուրս եկած ԱՄՆ պատվիրակության հետ: Հիշեցնենք, որ ամերիկացի հանձնակատարների եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ ուղղակի բանակցություններ առայժմ չեն եղել: