Դեռ ապրիլի կեսերից միջազգային եւ իսրայելական մամուլում սկսել էին տեղեկություններ հայտնվել, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) պատրաստվում է Իսրայելի ղեկավարության մի քանի պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար ձերբակալության վճիռ կայացնել: Այս մասին առաջիններից գրել է իսրայելական N12 հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
N12-ի համաձայն, ՄՔԴ-ի ենթադրյալ ծրագրերի մասին տեղեկանալուց հետո Նեթանյահուն շտապ կարգով հանդիպում է անցկացրել ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի, արդարադատության նախարար Յարիվ Լեւինի եւ արտաքին գործերի նախարար Իսրայել Կացի հետ, որի ընթացքում հրահանգել է դիմել արեւմտյան դաշնակիցներին՝ օգնություն ստանալու նպատակով:
Որոշ մանրամասներ ի հայտ եկան ապրիլի 28-ին The New York Times-ի եւ NBC-ի հրապարակումներից հետո։ Լրագորղները կաորղացել էին զրուցել իսրայելցի եւ օտարերկրյա պաշտոնյաների հետ, որոնք անանուն մնալու պայմանով որոշակի տեղեկություններ էին տրամադրել ձերբակալության հնարավոր վճռի մասին: Զրուցակիցները նշել էին, որ բացի Նեթանյահուից ՄՔԴ-ն ձերբակալության վճիռ կարող է կայացնել նաեւ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի եւ Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալեվիի համար։ Բացի այդ, ըստ NYT-ի զրուցակիցների, դատարանը քննարկում է նաեւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալման հարցը, սակայն նրանց անունները չեն նշվում:
Սակայն արեւմտյան պարբերականները վճռի պատրաստման հետ կապված այլ մանրամասներ չեն կարողացել պարզել։ Նաեւ հայտնի չէ, թե ինչ հիմքերով կարող են դրանք տրվել։ NYT-ի երկու զրուցակիցներ ենթադրել են, որ Իսրայելի ղեկավարությունը կարող է մեղադրվել Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու եւ հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակմանը չափազանց կոշտ պատասխան տալու մեջ: The Times of Israel-ն էլ նշում է, որ Իսրայելի ղեկավարությունը կարող է մեղադրվել Գազայի բնակչությանը միտումնավոր սովի մատնելու մեջ։
Դատարանը պաշտոնապես չի մեկնաբանում ձերբակալության վճռի մասին հաղորդումները, եւ ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը միայն հաստատել է, որ իր թիմը հետաքննություն է անցկացնում Գազայի հատվածում եւ Արեւմտյան ափում ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք սկսվել են դեռ 2021 թվականից:
Le Monde-ն, վկայակոչելով Հաագայի «իրազեկ» աղբյուրներին, որտեղ գտնվում է ՄՔԴ-ն, գրում է, որ ձերբակալման վճիռների հրապարակումը «անխուսափելի իրադարձություն է»: Ըստ լրատվականի զրուցակցի՝ դատախազի կողմից կալանքի որոշման համար ցանկացած դիմում պետք է հաստատվի երեք դատավորի կողմից, եւ այս փուլն, ըստ նրա, արդեն ավարտված է։
Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնի է դարձել Reuters-ին, երկուշաբթի օրը՝ ապրիլի 29-ին, ՄՔԴ դատախազները հարցաքննել են Գազայի հատվածի երկու խոշորագույն հիվանդանոցների՝ հյուսիսում գտնվող «Ալ-Շիֆա» հիվանդանոցի եւ հարավային Խան Յունիս քաղաքի «Նասերի» հիվանդանոցի աշխատակիցներին: Գործակալության աղբյուրներից մեկը առանց հավելյալ մանրամասներ հայտնելու միայ նշել էր, որ հիվանդանոցի աշխատակիցներից վերցված ցուցմունքները կարող են դառնալ ՄՔԴ-ի հետաքննության մաս։
Ո՛չ Իսրայելը, ո՛չ ԱՄՆ-ն չեն ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը, եւ եթե վճիռ կայացվի ապա այս երկրներից որեւէ մեկը Նեթանյահուին ձերբակալելու պարտավորվածություն չունի: Չնայած այս հանգամանքին, Իսրայելը «լրջորեն մտահոգված է» դատարանում ընթացող գործընթացներով։ Միեւնույն ժամանակ, Պաղեստինը ՄՔԴ-ի անդամ է (ստորագրել է Հռոմի կանոնադրությունը), հետեւաբար, դատավորները կարծում են, որ իրենց իրավասությունը տարածվում է Գազայի հատվածի եւ Հորդանան գետի Արեւմտյան ափի վրա։
Բենիամին Նեթանյահուն ապրիլի 26-ին ասել է, որ Իսրայելն իր ղեկավարությամբ «երբեք թույլ չի տա ՄՔԴ-ի կողմից երկրի ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը խարխլելու որեւէ փորձ»:
«Թեեւ Հաագայի դատարանի կայացրած որոշումները չեն ազդի Իսրայելի գործողությունների վրա, դրանք կստեղծեն վտանգավոր նախադեպ, որը սպառնում է զինվորականներին եւ հասարակական գործիչներին»,-գրել է Նեթանյահուն X-ի իր էջում։
Under my leadership, Israel will never accept any attempt by the ICC to undermine its inherent right of self-defense.
The threat to seize the soldiers and officials of the Middle East’s only democracy and the world’s only Jewish state is outrageous. We will not bow to it.
Israel…— Benjamin Netanyahu — בנימין נתניהו (@netanyahu) April 26, 2024
Միջազգային քրեական դատարանն իրավասու է հետապնդել այն անձանց, ովքեր կասկածվում են ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Միաժամանակ այն չի կարող մեղադրյալին դատել հեռակա կարգով, ինչպես նաեւ ձերբակալել այն պետության ղեկավարին, որը չի վավերացրել Հռոմի ստատուտը։ Սակայն, ՄՔԴ-ի վճիռը, եթե տրվի, նվազագույնը կարող է դժվարություններ ստեղծել պաշտոնյաների տեղաշարժի համար, որոնք կարող են ձերբակալվել այն երկրներում, որոնք ընդունում են ՄՔԴ-ի իրավասությունը: