ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ պատերազմում քիմիական զենք կիրառելու մեջ։ Այս մասին ասված է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներդրման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական հայտարարության տեքստում։ Դրանում ընդգծվում է, որ պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի վրա ճնշումները մեծացնելու նպատակով՝ կապված արտաքին ագրեսիայի եւ ներքին ռեպրեսիաների հետ։
ԱՄՆ Ֆինանսների դեպարտամենտի պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է ավելի քան 200 ֆիզիկական անձ եւ ընկերություն։ Պետքարտուղարությունը ուղղակիորեն պատժամիջոցներ է սահմանել եւս 80 ընկերությունների եւ անհատների նկատմամբ, այդ թվում՝ կապված Ռուսաստանի կողմից Քիմիական զենքի մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման հետ:
Հայտարարության տեքստում ընդգծվում է, որ Պետդեպարտամենտը հանգել է այն եզրակացությանը, որ Ռուսաստանը ուկրաինացի զինվորականների դեմ օգտագործել է քլորոպիկրին քիմիական նյութը։ Այս նյութը ներառված է Քիմիական զենքի արգելման կազմակերպության սեւ ցուցակում։
Քլորոպիկրին չի համարվում նյարդապարալիզացնող՝ առավել վտանգավոր քիմիական նյութ, սակայն ունի գրգռիչ եւ բարձր կոնցենտրացիաների դեպքում՝ խեղդող ազդեցություն։ Այն հիմնականում կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Պետդեպարտամենտի զեկույցում նաեւ նշվում է, որ ռուսական զորքերը Ուկրաինայում օգտագործում են այնպիսի գրգռիչ նյութեր, որոնք իրենց որակով նման են ոստիկանության կողմից սովորաբար ցույցերը ցրելու նպատակով օգտագործված նյութերին: Խոսքը, ինչպես նշում է ամերիկյան գերատեսչությունը, ոչ թե առանձին դեպքերի, այլ մարտադաշտում մարտավարական հաջողությունների հասնելու նպատակաուղղված մարտավարության մասին է։
Պետդեպարտամենտի նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ պաշտպանության նախարարության ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերը, ինչպես նաեւ ԿԱՀԻ-ն (Կիրառական ակուստիկայի հետազոտական ինստիտուտ) եւ ՌԴ ՊՆ 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը: Ենթադրվում է, որ դրանք բոլորը կապված են քիմիական եւ կենսաբանական զենքի ստեղծման հետ։
Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ «Новатэк» եւ «Арктик СПГ-2» նախագծերի հետ առնչություն ունեցող մի շարք ընկերությունների, ինը դատարանների, «Сибантрацит» խմբի մեջ ընդգրկված մի շարք ածուխ արդյունահանող ձեռնարկությունների, «Росатом»-ի հետ կապված ընկերությունների, մի շարք ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների եւ դրանց ղեկավարների, ինչպես նաեւ Դաշնային քրեակատարողական ծառայության երեք աշխատակիցների դեմ, որոնք կապված են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բանտում պահելու պայմանների հետ։