ԵՄ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն։
«Մենք ողջունում ենք վերջին քայլը եւ սահմանազատման համաձայնագիրը։ Որոշ ժամանակ գործընթացին միացավ նաեւ ԵՄ-ն, գործընթացին ակտիվ մասնակցեց ԵՄ Խորհրդի նախագահը, եւ կողմերը սկսեցին համակարգված աշխատել։ Անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին»,-ասել է Միխալկոն։
Դիվանագետը նաեւ հայտարարել է, որ ականազերծման հետ կապված հարցերով Բրյուսելը նոր նխաձեռնությամբ է հանդես գալիս Ադրբեջանում։
«Ադրբեջանի համար մեկ այլ կարեւոր ոլորտ ականազերծումն է։ ԵՄ-ն այս ոլորտում ամենամեծ դոնորներից եւ հովանավորներից մեկն է: Երկրի անկախության առաջին տարիներից մենք համագործակցում ենք Ադրբեջանի քաղաքացիների համար կարեւոր ոլորտներում։ Սա ներառում է պարենային անվտանգության, տնտեսական համագործակցության ոլորտները, ներքին տեղահանվածների հետ կապված հարցերը»,-նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Միխալկոն նաեւ նշել է, որ ԵՄ-ն Ադրբեջանի ամենաակտիվ գործընկերներից է, եւ այդ գործընկերությունը հիմնված է «ընդհանուր առաջնահերթությունների եւ արժեքների վրա»։