ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուս խաղաղապահները կազմակերպել են մարդասիրական օգնության փոխանցումը Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերի փախստականներին եւ 7 բազմազավակ ընտանիքի:
Ռուսական հասարակական կազմակերպությունների եւ բարեգործական հիմնադրամների կողմից հավաքված օգնությունը տրվել է Մարտակերտի շրջանի Խնկավան եւ Չափար գյուղերի բնակիչներին։ Երկու բնակավայրում այժմ ապրում է շուրջ 1000 մարդ, որոնցից շատերն աջակցության կարիք ունեն։
Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները փախստականներին եւ հարկադիր տեղահանվածներին փոխանցել են առաջին անհրաժեշտության եւ կենցաղային իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ, բժշկական առաջին օգնության՝ ամենաանհրաժեշտ դեղամիջոցների եւ վիրակապման պարագաների ոչ մեծ հավաքածու ներառող անհատական փաթեթներ, խաղալիքներ եւ մանկասայլակներ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի պետ Իգոր Սիվակովը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի բնակիչներին փոխանցվել է մոտ 155 տոննա մարդասիրական բեռ:
Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ անցած տարի ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ՌԴ խաղաղապահ զորակազմը, որն ընդգրկում է 1960 զինծառայող, հրաձգային զենք, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա:
ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի եւս 5 տարով, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: