Մամուլում տարածվող այն տեղեկությունը, թե իբր Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը «հատուկ գործողություններ» է իրականացնում Տավուշի մարզում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասվում է ՀՀ ՆԳՆ հաղորդագրության տեքստում։
«Պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ։ Նշված աշխատանքների իրականացման շրջանակներում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու համար»,-ասվում է հայտարարության տեքստում:
Նաեւ նշվում է, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ, որոնք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակվել։