Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մայիսի 2-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության տեքստում նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը եւ զարգացման հեռանկարները:
«Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
Պապիկյանն ու Քվինին քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը: