Մեծ Բրիտանիայի արտգործնախարար եւ նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նախօրեին՝ մայիսի 2-ին այցելել էր Կիեւ եւ Ուկրաինային խոստացել տարեկան երեք միլիարդ ֆունտ (3,74 միլիարդ դոլար) օգնություն տրամադրել, ինչպես նաեւ համոզմունք հայտնել, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Լոնդոնի տրամադրած զենքը Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար։
«Յուրաքանչյուր տարի երեք միլիարդ ֆունտ կտրամադրենք, եւ դա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Մենք պարզապես արդեն հավաքել ենք այն ամենը, ինչ կարող էինք տեխնիկայի եւ սպառազինության առումով», — Քեմերոնի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում Միացիալ Թագավորության տրամադրած միջոցների օգտագործմանը, ապա դա, ըստ Քեմերոնի, ուկրաինական կողմի որոշման հարցն է։
«Ուկրաինան ունի այդ իրավունքը։ Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական տարածքի վրա, եւ հասկանալի է, որ Ուկրաինան զգում է իր պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը»,-ասել է վարչապետը։
Քեմերոնը Կիեւում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ուկրաինայի ղեկավարության այլ անդամների հետ։ Հանդիպումների ընթացքում նա մասնավորապես հայտարարել է զենքի եւ զինամթերքի նոր մատակարարումների մասին, որոնց մեջ կներառվեն բարձր ճշգրության ավիառումբեր, զենիթային հրթիռներ եւ 100 շարժական ՀՕՊ մարտկոցների համար անհրաժեշտ սարքավորումներ։