Թուրքիան դադարեցրել է Իսրայելից ապրանքների ներմուծումն ու արտահանումը Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության պատճառով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարարությունը։
«Պետական մակարդակով ձեռնարկված միջոցառումների երկրորդ փուլի իրականացումը սկսվել է։ Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործողությունները դադարեցվել են ապրանքատեսակների բոլոր խմբերի համար»,-ասվում հայտարարության տեքստում։
Դրանում նշվում է, որ սահմանափակող միջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը Գազայում կրակի անհապաղ դադարեցում չի հայտարարել եւ ապահովել մարդասիրական օգնության համարժեք եւ անխափան հոսք։
Ülkemizin İsrail ile Ticaret Konusunda Almış Olduğu Kararlara İlişkin Basın Açıklaması
(02.05.2024) pic.twitter.com/HwhMscfftZ
— T.C. Ticaret Bakanlığı (@ticaret) May 2, 2024
Ավելի վաղ Անկարայի կողմից նման գործողությունների դիմելու հավանականության մասին գրել էր Bloomberg-ը՝ հղում կատարելով երկու թուրք պաշտոնյաներից ստացված տեղեկատվությանը։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ 2023 թվականին Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 6,8 միլիարդ դոլար։ Այս գումարի մոտ 76%-ը ստացվել է թուրքական արտահանումից։
Bloomberg-ի հրապարակումից հետո Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X-ի էջում գրել էր, որ Անկարայի նման որոշումը խախտում է թուրք ժողովրդի եւ բիզնեսի շահերը՝ անտեսելով միջազգային առեւտրային համաձայնագրերը։
Կացը նաեւ հավելել էր, որ Իսրայելը կաշխատի Թուրքիայի հետ առեւտրին անհապաղ այլընտրանքներ ստեղծելու ուղղությամբ՝ ավելացնելով տեղական արտադրությունը եւ փնտրելով այլ մատակարարներ։
.@RTErdogan is breaking agreements by blocking ports for Israeli imports and exports. This is how a dictator behaves, disregarding the interests of the Turkish people and businessmen, and ignoring international trade agreements. I have instructed the Director General of the…
— ישראל כ”ץ Israel Katz (@Israel_katz) May 2, 2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ նախորդ շաբաթ հայտարարել էր, որ երկիրն այլեւս չի զարգացնում առեւտրային հարաբերությունները Իսրայելի հետ։ Նա Իսրայելի իշխանություններին մեղադրել էր Գազայում ավելի քան 45 հազար պաղեստինցիների սպանության մեջ։