ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ եւ հանրապետական 11 սենատոր աշխարհում մամուլի ազատության եւ ազատ արտահայտվելու նկատմամբ աճող սպառնալիքներն արձանագրող բանաձեւ է ներկայացրել Կոնգրեսին:
Բանաձեւը կոչ է անում անհապաղ ազատ արձակելու բանտարկված բոլոր լրագրողներին եւ վերահաստատում է մամուլի ազատությունը:
Բանաձեւը հեղինակել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը եւ Ֆլորիդա նահանգից ընտրված հանրապետական սենատոր Մարկո Ռուբին:
Բանաձեւում անդրադարձ է կատարվել նաեւ Թուրքիային: Նշվում է, որ Թուրքիան մամուլի ազատության առումով շարունակում է մնալ ամենից շատ բռնաճնշումներ իրականացնող երկրներից մեկը, ինչպես նաեւ աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրը: