Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ՀԱԿ-ի ընտրացուցակը կազմված է 101 թեկնածուից: Ընտրացուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարը կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:
«Երրորդ համարը Ինեսա Գաբայանն է՝ մեր թիմի նոր անդամներից։ Ցուցակն ամբողջությամբ կհրապարակենք այսօր»,- ասել է Խաչատրյանը:
«ՀԱԿ-ը ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի որպես մեկ կուսակցություն: Բայց երբ մեր ցուցակին ծանոթանաք, կհասկանաք, որ, ըստ էության, անհատների լայն դաշինք է եւ կազմված է մեր կուսակցական այն անձանցից, որոնք տարիներ ի վեր եղել են կուսակցության շարքերում»,- ասել է Արմեն Խաչատրյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի փաստաթղթերի եւ նախընտրական ցուցակների ընդունումը: 23 կուսակցություն եւ 4 դաշինք այսօր իրենց ընտրացուցակներն են ներկայացրել ԿԸՀ: