Ռուսաստանը «ոչ ռազմավարական միջուկային ուժերի մարտական առաջադրանքների պատրաստությունը բարձրացնելու նպատակով» զորավարժություններ կանցկացնի։ Այս մասին ասվում է պաշտպանության նախարարության մայիսի 6-ի առավոտյան հրապարակված հաղորդագրության մեջ։
Դրանում ասվում է, որ զորավարժությունների անցկացման հրամանը տվել է Գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Գլխավոր շտաբը սկսել է վարժանքներ պատրաստել «Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումներով՝ ավիացիայի, ինչպես նաեւ ռազմածովային ուժերի ներգրավմամբ»։ Տեքստում նշվում է, որ զորավարժությունների ընթացքում «իրականացվելու են միջոցառումների շարք՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի նախապատրաստման եւ օգտագործման խնդիրները գործնականում փորձարկելու համար»։
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ նման զենքի մարտական կիրառումը նախատեսված է «ռուսական պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անվերապահորեն պաշտպանելուն՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության դեմ արեւմտյան առանձին պաշտոնյաների սադրիչ հայտարարությունների եւ սպառնալիքների»։
2024 թվականի փետրվարի վերջին Financial Times թերթը հայտնել էր ռուսական մարտավարական միջուկային զենքի հետ կապված գաղտնի փաստաթղթերի հետ ծանոթանալու մասին։
ԽՍՀՄ տարիներին մարտավարական միջուկային զենքի կիրառմամբ վարժանքներ անցկացվել են, սակայն դրա փլուզումից հետո Ռուսաստանում նման զորավարժություններ դեռ չեն կազմակերպվել։
Financial Times-ը, սակայն, ավելի վաղ հայտնել էր, որ ավելի քան 10 տարի առաջ, ըստ լրատվականի համար հասանելի դարձած ռուսական ռազմական գաղտնի փաստաթղթերի, նման զորավարժություններ իրականացվել՝ հիմնվելով նման զենքի հնարավոր կիրառման վրա՝ ընդդեմ հիպոթետիկ չինական ագրեսիայի:
Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր արեւմտյան երկրները մտահոգություն են հայտնել Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման առնչությամբ, մասնավորապես՝ ճակատում անհաջողությունների դեպքում։ Միեւնույն ժամանակ ռուսական ռազմական դոկտրինը նախատեսում է «պետության գոյությանը սպառնացող վտանգի» դեպքում առաջինը միջուկային զենք կիրառելու հնարավորությունը։ Ռուսական մի շարք գործիչներ այս դրույթը մեկնաբանեցին այնպես, որ միջուկային զենքը կարող է օգտագործվել նաեւ տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում, իսկ պաշտոնական Մոսկվան Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող մի շարք շրջաններ համարում է Ռուսաստանի տարածք։