Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիության անդամ երկրները համաձայնության են եկել ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցների 90%-ը տրամադրել Ուկրաինայի պաշտպանական նպատակներին։ Այս մասին նա ասել է Ռիգայում Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի վարչապետների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ այդ մասին համաձայնագիրը հաստատման վերջնական փուլում է։
«Մենք Եվրոպայում ունենք կոնսենսուս, որ ցանկանում ենք օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացած չծրագրած եկամուտը: Սա զգալի գումար է, որի չափերը հասնում է տարեկան մի քանի միլիարդի։ Եվ մենք համաձայնության ենք եկել, որը արդեն վերջնական փուլում է, որ ցանկանում ենք այդ միջոցների 90%-ն օգտագործել Ուկրաինայի պաշտպանության նպատակների համար»,-ասել է Շոլցը։
Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո Արեւմուտքում սառեցվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի մոտ 260 միլիարդ եվրոն։ Դրամական միջոցների մեծ մասը (մոտ 210 մլրդ եվրո) պահվում է Եվրամիությունում, այդ թվում՝ կանխիկի եւ պետական պարտատոմսերի տեսքով։ ԵՄ իշխանությունները քննարկում են այդ միջոցներն առնվազն 2022 թվականի աշնանից օգտագործելու հնարավորությունը։
2024 թվականի մարտին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորեը հայտարարել էր, որ ԵՄ խորհրդին ներկայացրել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու նախաձեռնությունը։ Նա առաջարկել էր հասույթի 90%-ն ուղարկել Խաղաղության եվրոպական հիմնադրամի, որից այժմ գումար է հատկացվում Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման համար։