Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգին եւ Աբովյան փողոցի աջ եւ ձախ հատվածները ՀՀ Կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում են:
Քաղաքում դեռ չէին հասցրել լիարժեք ուրախանալ աննախադեպ խոշոր ծավալի հիմնանորոգումից, Գյումրու համայնքապետարանը խնդիր է բարձրացրել՝ թե կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին խոչընդոտում են տարածքի բոլոր ծառերը: Առաջարկում են հատել դրանք, ձեռի հետ էլ միանգամից հրապարակի եղեւնիները կհանեն, տեղը նորերը կտնկեն:
Գյումրու համայնքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը փաստարկներ է բերում. ծառերի արմատները կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերանորոգմանն են խանգարում: Կատարված աշխատանքները շուրջ երկու տարուց ջուրն են լցվելու բարդիների արմատների պատճառով:
Ո՛չ ասֆալտը կդիմանա, ո՛չ ել եզրաքարերը տեղում կմնան: Բացի այդ, ըստ նրա՝ դրանք արդեն կենսունակ չեն, էսթետիկական տեսքն էլ կորել է:
Քաղաքապետարանը նպատակահարմար է գտնում հանել տարածքի յոթ տասնյակից ավելի բարդիներն ու եղեւնիները, շինարարական աշխատանքների ավարտից հետո դրանց տեղում, ճարտարապետի խոսքով ասած՝ արժեքավոր ու գեղազարդ ծառեր տնկել: «Սրանք քաղաքային ծառեր չեն, անտառային են, մեզ պետք է քաղաքաշինական նորմերին համապատասպան ծառատեսակներ»:
Բնապահպան Գեւորգ Պետրոսյանը բարձր է գնահատում քաղաքապետարանի մտահոգությունը ներդրումները չփոշիացնելու վերաբերյալ, բայց հարց ունի նրանց. «Երբ ծաղկանոց եք հիմնում, առանց ոռոգման համակարգի մասին մտածելու, դա անտեղի վատնում չէ՞»:
Բնապահպանը միայն չի քննադատում, լուծումների առաջարկներ է անում. «Փողոցն ունի երկու մայթ՝ մեկը շենքի դիմացը, մյուսը հետնամասում: Կարող եք կոմունիկացիաները՝ էլեկտրականության, կապուղիների, ջրամատակարարման ցանցը տանել շենքի դիմացի մայթով, որտեղ ծառեր չկան,- ասում է Պետրոսյանը եւ հարցնում,-բա որ մի քանի տասնամյակից նոր ծառերի արմատները եւս խանգարեն, դրա՞նք էլ եք կտրելու»:
Գալով համայնքապետարանի փաստարկներին, թե ծառերն անկենսունակ են, բնապահպանն առաջարկում է փոխարինել հերթով, ընդմիջումներով:
«Դուք չեք հասկանում, թե ինչ հսկայական վնաս եք տալիս քաղաքին: Առանց այդ էլ Գյումրիում օդի աղտոտվածությունն անթույլատրելի բարձր է, իսկ բարդիները լավագույնն են մաքրում օդը»:
Պետրոսյանը նեղվում է, երբ Եվրոպան են վկայակոչում, թե այնտեղ քաղաքի մեջ բարդիներ չկան: «Քաղաքակիրթ երկրներում այնպես են փոխում ծառերը, որ մարդը չի զգում. 15 տարեկան փակ-արմատային ծառը տեղադրում են հնի փոխարեն: Մենք մի ճյուղ ենք տնկում, չենք խնամում, մինչեւ 20 տարի անց ծառ դառնա, կամ՝ ոչ»:
Գյումրի քաղաքի ավագանու նախկին անդամ Լեւոն Բարսեղյանը ծառ կտրելու մոլուցքը հոգեկան շեղում է համարում: 17 տարվա վաղեմության պատմություն է հիշում. «Անկախության հրապարակի եղեւնիները կտրելու լուրը լսելուն պես 10 րոպեում հասա այնտեղ: Բոլոր եղեւնիները կտրած, տապալած տեսա»: Բարսեղյանը հատված ծառերի բները նկարել է, փորձաքննության տվել, համոզվել, որ դրանք ոչ մի հիվանդություն չունեին: Բայց չգիտես որտեղից հաջորդ օրը թուղթ է հայտնվել, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է եղել, թե՝ եղեւնիները հիվանդ ու ծեր էին, նաեւ փակում էին տեսարանը:
Այդ օրերին էլ, ինչպես այսօր, քաղաքային իշանությունները երդվում էին, որ տեղում նոր ծառեր կտնկեն: Երկու տասնամյակը լրանում է, բայց ոչ ոք նոր ծառ չի տեսնում տարածքում: «Այսօր էլ կանգնած ենք նման խնդրի առաջ: Ինչ կորոշի քաղաքապետը՝ կտրե՞լ քաղաքի կենտրոնի բոլոր ծառերը, թե՝ ոչ, դրան էլ արժանի կլինենք բոլորս»:
Բարսեղյանը զարմանում է, թե այսքան խնդիրներ ունեցող քաղաքում ինչպե՞ս է քաղաքային իշխանությունը կարեւորել հենց ա՛յս հարցը: «3000 տնակաբնակներ, 80 տոկոսից ավելի փողոցների ավերակ վիճակ, լուսավորության խղճուկ համակարգ, փոշու եւ աղբի մեջ կորած քաղաք… ի՞նչ եք ֆիքսվել այս ծառերի վրա, ի՞նչ անենք, որ մոռանաք դրանք»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։