Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի մակարդակով պաշտոնական այցը տեղի է ունենում տասնհինգ տարվա ընդմիջումից հետո՝ հույս հայտնելով, որ վերջին շրջանի դինամիկան եւ բարձրաստիճան փոխայցելությունները թույլ կտան նոր խթան հաղորդել հարաբերությունների եւ բազմաոլորտ օրակարգի զարգացմանը:
«Առկա է դեռ չիրացված մեծ ներուժ թե’ քաղաքական երկխոսության, թե’ հատկապես տնտեսական կապերի առումով, եւ առկա է պատրաստակամություն քայլեր ձեռնարկել շարունակական արդյունքներ գրանցելու համար»,- ասել է Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների համապատասխան կառույցների փոխգործակցության հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության, մարդկանց միջեւ շփումների, մշակութային զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, որոնց էականորեն կարող է նպաստել Երեւան-Բուդապեշտ ուղիղ չվերթների մեկնարկը։
Վկայակոչելով Բուդապեշտում Պետեր Պազմանի Կաթոլիկ Համալսարանում հայկական ուսումնասիրությունների բաժանմունքի գոյությունը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ 2023-2025թթ. կնքված փոխըմբռնման հուշագրերը՝ նախարար Միրզոյանը կարեւորել է փորձի, ուսանողների փոխանակման, կրթաթոշակային ծրագրերի կյանքի կոչումը։
ՀՀ արտագին գործերի նախարարը եւ Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով տարվա երկրորդ կեսին ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը։ Միրզոյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի կյանքի կոչել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգում նախանշվող բոլոր ծրագրերը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության ու սահմանների ճանաչման, դրանց անքակտելիության առանցքային սկզբունքները։