Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին կոչ են արել կասեցնել Վրաստանի՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը։
Ըստ Եվրախորհրդարանի անդամների՝ «Վրացական երազանքի» նախաձեռնած «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման գործընթացում խաղաղ ցուցարարներին լռեցնելու եւ ուժ կիրառելու փորձերը գերազանցել են թույլատրվածը։
«Այս պահվածքն էլ ավելի է մեծացրել լարվածությունը եւ բեւեռացումը վրացական քաղաքականության եւ հասարակության մեջ», — նշել են Եվրախորհրդարանի պատգամավորները:
Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են, որ այս գործողությունները հակասում են Եվրահանձնաժողովի ինը քայլերին, եւ որ դա այլեւս չի կարելի անտեսել։
«Մենք ձեզ կոչ ենք անում հաստատակամ դիրքորոշում ցուցաբերել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել, որոնք հստակ ազդակ կհղեն Վրաստանի կառավարությանը։ Վրաստանի կառավարության եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պահվածքը հակասում է ԵՄ թեկնածու երկրի պարտավորություններին։ Ըստ այդմ, Վրաստանի թեկնածուի կարգավիճակը պետք է կասեցվի՝ առանց անդամակցության հետագա առաջընթացի»,-ասվում է եվորխացի օրենսդիրենրի ուղերձում։
Դրանում նշվում է, որ պետք է վերանայվի Եվրամիությունից Վրաստանի պետական բյուջեի եւ կառավարության ծրագրերի ֆինանսավորումը, ինչպես նաեւ անհապաղ Վրաստանի առաջընթացի միջանկյալ գնահատում իրականացվի՝ կապված Եվրոպական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականում նշված ինը քայլերի իրականացման հետ։
Եվրախորհրդարանի պատգամավորներնւ նշում են, որ իրենք մեծ աշխատանք են իրականացրել վրաց ժողովրդին եւ դեպի Եվրամիություն նրա ձգտումներին աջակցելու համար եւ շարունակում են դա անել, սակայն բոլոր թեկնածու երկրների համար ժողովրդավարական չափանիշները նույնն են եւ պետք է հարգվեն:
Հայտարարության հեղինակներն են Ռասա Յուկնեւիչիենեն, Անդրիուս Կուբիլիուսը, Միրիամ Լեքսմանը եւ Եվրախորհրդարանի եւս 28 պատգամավորներ, հայտնում է SOVA գործակալությունը։