ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները շրջափակել եւ գերեվարել են ՀՀ Զինված ուժերի վեց զինծառայողի։
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։
Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է տարածել հաղորդագրություն, ըստ որի՝ հայ զինծառայողները «շրջափակվել, վնասազերծվել եւ գերի են վերցվել Քելբաջարի շրջանի հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիոն ներթափանցման փորձ անելիս»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, հերքելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, հայտարարել է, որ դա չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի հավելումն նախորդ հաղորդագրության, հայտնել է, որ ՀՀ-ի տարածքում առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։
Ադրբեջանական զորքը մայիսի 12-ից մի քանի ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք, կիլոմետրերով խորացել եւ չի հեռանում։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ սկզբում նրանք 250 հոգի էին, հետո՝ 500-600:
Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմաններին պարբերաբար միջադեպեր են գրանցվում:
Օրեր առաջ ծեծկռտուք էր եղել, երկու օր առաջ էլ հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 32-ամյա կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը: Բաքուն հերքել է, թե կրակողն իրենք են՝ պնդելով, որ կատարվածը դժբախտ պատահար էր։
Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաեւ ՌԴ նախագահին ռազմական օգնության համար: Որոշվել է հարցը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանանշմամբ: