Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը Ֆրանսիա կատարած այցի ժամանակ մերժել է Չինաստանի դեմ ուղղված պահանջները՝ ուկրաինական պատերազմի ժամանակ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների պատճառով։ Այս մասին գրում է The New York Times-ը։
«Մենք դեմ ենք որպեսզի [ուկրաինական] ճգնաժամն օգտագործվի երրորդ երկրին մեղադրելու, նրանց իմիջը արատավորելու եւ նոր սառը պատերազմ հրահրելու համար», — մեջբերում է պարբերականը Չինաստանի առաջնորդի խոսքերը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանը «ոչ այս ճգնաժամի ստեղծողն է, ոչ դրա կոմղերից մեկն է, ոչ էլ մասնակիցը»:
«Բայց մենք նաեւ կողմնակի դիտորդներ չենք, մենք միշտ ակտիվորեն նպաստել ենք խաղաղության հաստատմանը», — մեջբերում է CNN-ը Սի Ցզինպինի խոսքերը:
The New York Times-ը ենթադրում է, որ այս հայտարարությունն ուղղված է եղել «հիմնականում» ԱՄՆ-ին, որը կարծում է, որ Չինաստանը, բացի Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը շարունակելուց, ռազմական օգնություն է ցուցաբերում Մոսկվային։
Ամերիկյան պարբերականը նշում է, որ Էմանուել Մակրոնը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով ներկա էր եղել հանդիպմանը, «ճնշում են գործադրել» Սի Ցզինպինի վրա, որպեսզի վերջինս օգտագործելու Մոսկվայի վրա ունեցած իր ազդեցությունը ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմին վերջ տալու համար։
Ֆրանսիայի նախագահն էլ, դիմելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդին, հայտարարել է, որ «առանց Ուկրաինայի անվտանգության Եվրոպայում անվտանգություն չի կարող լինել»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ֆրանսիան պատերազմական վիճակում չէ Ռուսաստանի կամ նրա ժողովրդի հետ, ինչպես նաեւ չի ձգտում «տապալել Պուտինի ռեժիմը»։
Բանակցություններից հետո Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Պեկինը պետք է «օգտագործի իր ողջ ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ վերջ դնելու Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին»։ Իր խոսքում Եվրահանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ Սի Ցզինպինը նախկինում կարեւոր դեր է խաղացել Ռուսաստանի «անպատասխանատու միջուկային սպառնալիքները» մեղմելու գործում։ Նա վստահություն է հայտնել, որ Չինաստանի առաջնորդը «կշարունակի դա անել»։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հավելել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ սահմանափակելու համար երկակի նշանակության ապրանքների մատակարարումը Ռուսաստան, որոնք հետո հայտնվում են մարտի դաշտում։
«Եվ հաշվի առնելով այս պատերազմի սպառնալիքների էկզիստենցիալ բնույթը եւ՛ Ուկրաինայի, եւ՛ Եվրոպայի համար, այն իսկապես կարող է ազդել ԵՄ-Չինաստան հարաբերությունների վրա»,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
The New York Times-ը «բավականին անսովոր» է համարում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից Ուկրաինայի պատերազմը որպես եվրոպական մայրցամաքի համար «էկզիստենցիալ սպառնալիք» համարելը: Պարբերականի տվյալներով՝ դա կարող է պայմանավորված լինել միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին ռուսական իշխանությունների նոր հայտարարություններով։
Պարբերականը նշում է, որ չնայած արված հայտարարություններին, Սի Ցզինպինի եւ Մակրոնի հանդիպման մթնոլորտը «բարեկամական է եղել»։ Չինաստանի ղեկավարը նշել է, որ իրենց երկրների միջեւ «ոչ աշխարհաքաղաքական լարվածություն կա, ոչ էլ որեւէ հիմնարար հակամարտություն»։ Սի Ցզինպինը եւ Մակրոնը նաեւ կոչ են արել հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը անցկացվող Փարիզի Օլիմպիական խաղերի ընթացքում կանգնեցնել բոլոր հակամարտություններն ու «Օլիմպիական զինադադար» հաստատել։