ԱՄՆ իշխանությունները ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին դադարեցրել են Իսրայել 3,5 հազար ռումբի մատակարարումը, այս մասին հայտնում են The New York Times-ը եւ Associated Press-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:
Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դադարեցրել է 1,8 հազար 2000 ֆունտանոց ռումբերի եւ 1,7 հազար 500 ֆունտանոց ռումբերի մատակարարումը՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են օգտագործվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա հարձակման ժամանակ, որտեղ ապաստանել է տեղահանված ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչ:
The New York Times-ին զրուցակիցը պատմել է, որ ԱՄՆ վարչակազմը այժմ քննարկում է սպառազինությունների, այդ թվում՝ թիրախավորման համակարգերի ապագա մատակարարումները դադարեցնելու հարցը։
Իսրայելցի պաշտոնյաները Axios պորտալին մայիսի 5-ին հայտնել էին, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է զենքի մատակարարումը։ Սակայն ամերիկացի պաշտոնյաները, ինչպես նշում է NYT-ն, հրաժարվել էին հաստատել դա ճեպազրույցներում կամ մասնավոր կերպով՝ մինչեւ Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների մեկնարկի մասին առաջին հաղորդագրությունների հայտնվելը: