Իսրայելը պատրաստ է մարտնչել անգամ «եղունգներով»։ Նման հայտարարություն արել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նրա այս հայտարարությունը հետեւում է Գազայի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների մեկնարկի ֆոնին զենքի մատակարարումները դադարեցնելու Վաշինգտոնի սպառնալիքներից հետո։
«Եթե մենք պետք է, որ միայնակ պայքարենք, ապա կպայքարենք միայնակ։ Արդեն ասացի, որ եթե պետք լինի, եղունգներով էլ ենք կպայքարենք։ Բայց մենք եղունգներից շատ ավելին ունենք, եւ մեր տոկունությամբ եւ Աստծո օգնությամբ մենք կհաղթահարենք»,-ասել է Նեթանյահուն մայիսի 9-ին հրապարակված տեսագրության մեջ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 8-ին CNN-ին տված հայրցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի զենքի եւ զինամթերքի մատակարարումը Իսրայելին, եթե վերջինս ռազմական գործողություն սկսի Ռաֆահում, որը պաղեստինցի խաղաղ բնակիչների շրջանում կարող է հանգեցնել բազմաթիվ զոհերի։
«Եթե նրանք մտնեն Ռաֆահ, ես չեմ մատակարարի այն զենքը, որը միշտ օգտագործվել է՝ Ռաֆահի հետ գործ ունենալու համար»,-ասել է ԱՄՆ նախագահը եւ հավելել, որ չնայած սրան Վաշինգտոնը կանի հնարավորը Իսրայելի անվտանգության ապահովման համար։
Մինչ այս ԱՄՆ-ն որպես նախազգուշացում արդեն կանգնեցրել էր ավիառումբերի հերթական խմբաքանակի մատակարարումը Իսրայելին։
Նեթանյահուն այս մասին ուղղակիորեն չի նշել իր ելույթի ընթացքում, սակայն նրա ելույթի բովանդակությունը ակնհայտորեն պատասխան ուղերձ էր Վաշինգտոնին։
Նա մասնավորապես հիշատակել է 1948 թվականի արաբ-իսրայելական պատերազմը։
«76 տարի առաջ՝ Անկախության պատերազմում, մենք քիչ էինք, իսկ մեր թշնամիները՝ շատ։ Մենք զենք չունեինք։ Իսրայելը զենքի էմբարգոյի տակ էր։ Բայց մեր ոգու ահռելի ուժի, հերոսության ու միասնության շնորհիվ մենք հաղթեցինք»,-ասել է Նեթանյահուն։
ՄԱԿ-ից արդեն տեղեկացրել են, որ Ռաֆահաի տարածքից կրկին գաղթել է ավելի քան 80 հազար պաղեստինցի փախստական, երբ մայիսի 6-ին Իսրայելի պաշտպանության բանակը սկսել էր քաղաքի արեւելյան շրջանների բնակիչներին կոչ անել տարհանվել դեպի անվտանգ գոտիներ։
Իսրայելական ավիացիան ողջ շաբաթվա ընթացքում թիրախային հարվածներ է հասցրել Ռաֆահին։
ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ Ռաֆահում մոտ օրերին կսպառվի վառելիքն ու սննդամթերքը, քանի որ Եգիպտոսի հետ սահմանյին Ռաֆահ անցակետը իսրայելական բանակի վերահսկողության ներքո անցնելուց հետո դադարել է գործելուց։