Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցու մոտից «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը օրհնել էր Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:
Շիրակի թեմի առաջնորդին ճանաչողները լավ գիտեն, որ նա միշտ էլ իր ակտիվ դիրքորոշումն է հայտնել քաղաքական տարբեր իրադարձությունների վերաբերյալ: Շիրակցիների հիշողության մեջ թարմ է 2018 թվականի հեղափոխության գործընթացին սրբազանի ակտիվ մասնակցությունը: «Ես էլ եմ սխալվել, աջակցել եմ նրանց, բայց դա իմ կյանքի, կենսագության մի մասն է»,-այսօր արդեն «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթն առաջնորդելիս ասում է սրբազանը:
Շարկի հոգեւոր առաջնորդը հերքում է պնդումները, թե հոգեւորականությունը քաղաքականությամբ է զբաղվում, ասում է՝ քաղաքականությամբ զբաղվելը պաշտոն ունենալու, իշխանություն վերցնելու ձգտում է, որն իրենք չունեն: «Անտարբերությունը մահացու մեղք է, մենք չենք կարող անտարբեր լինել մեր պետականությանը վնասող քայլերի հանդեպ»:
Միքայել սրբազանը վստահ է, որ հետո ժողովուրդը պետք է իրենց մեղադրի, ասի՝ եկեղեցին չմիջամտեց, բան չասաց: «Հիմա մենք ասում ենք, կմիանա՞ ժողովուրդը, կանի՞ ինչ անհրաժեշտ է, թող անի: Եթե դարձյալ չլսի եկեղեցու ձայնը, կունենա այն, ինչ կա: 100 տարի առաջ՝ 1918 թվականին լսեցին մայր եկեղեցուն, հաղթեցին: Այն ժամանակ էլ ասում էին՝ անհնարին է, պետեք է հանձնել հողերը, քաշվել Սեւան, բայց եկեղեցին ասաց՝ ոչ եւ հաղթեց»,-ասում է սրբազանն ու վստահեցնում՝ միշտ լսեին՝ միշտ կհաղթեին:
Լրագրող, հրապարակախոս Լեւոն Բարսեղյանն ասում է՝ անխախտ կարծիք ունի. բոլոր-բոլոր մարդիկ՝ անկախ սեռից, քաղաքական հայացքներից, մասնագիտությունից, անցած ճանապարհից, իրավուք ունեն ցույց բողոք, կարծիք հայտնելու. սահմանադրական իրավունք է: Եթե նրանց գաղափարները դառնան պոպուլյար, մարդիկ գնան նրանց հետեւից, թող հաղթեն:
Գալով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած երթին, Բարսեղյանն ասում է՝ հասկանալի է, որ նրան միացել են իրենց տներից զրկվելու վտանգի առաջ կանգնած մարդիկ, քաղաքացիները, ովքեր չեն ուզում հայրենիքի սահմանները նեղանան: Բայց Բարսեղյանը ոչ մի կերպ չի ուզում հասկանալ այն մարդկանց, ովքեր Տավուշ են մեկնել «հյուրախաղերով»: «Ռոբերտ Քոչարյանի ընդդիմության պատգամավորները, հարգանքն ու ժողովրդի վստահությունը կորցրած, Հայաստանից փախածները, ովքեր հեռվից ասում են՝ տարածք չտա՛ք, կռվե՛ք»:
Ըստ հրապարակախոսի՝ թեմի առաջնորդը քաղաքացիական իրավունք ունի իշխանափոխություն պահանջելու: Բայց չի հավատում պնդմանը, թե եկեղեցին չի խառնվում քաղաքականությանը: Ասում է՝ Կաթողիկոսի օրհնությունն ունի, ուրեմն երթի աջակիցն ու հովանավորը եկեղեցին է:
Այստեղ է, որ Բարսեղյանի մոտ հարց է առաջանում, թե անցնող տարիներին, երբ կեղեքվում, վաճառվում ու հարստահարվում էր երկիրը, եկեղեցու ձայնը ինչո՞ւ դուրս չէր գալիս: Երբ սահմանի կահավորման, զենքի գումարը իշխանավորների դղյակներ էին դառնում, ինչո՞ւ եկեղեցին կարծիք չէր հայտնում:
«Մի օր չտեսանք, եկեղեցին գնար իշխանության մոտ, ասեր՝ ուզում ենք մտնել հարկային դաշտ: Ինչո՞ւ պետք է բոլորը հարկային դաշտում լինեն, եկեղեցին՝ ոչ: Որտեղի՞ց եք հասկացել, որ դա արդար է»:
Գալով այս օրերի իրադարձությունների հնարավոր հանգուցալուծմանը, Բարսեղյանն ասում է՝ հավաքված մարդկանց քանակը հաջողության ցուցիչ չէ: «Փաշինյանն անհամեմատ քիչ մարդկանցով հասավ Երեւան, բայց հեղափոխոխությունը հաջողվեց: Բագրատ սրբազանի եւ Փաշինյանի գլխավորած հեղափոխական խմբերին համեմատելիս, միանշանակ սրբազանինը առաջ է,-ասում է Բարսեղյանը եւ մանրամասնում,- ղեկավարի, մասնակիցների հագուկապը, լրատվամիջոցների ներգրավվածությունը, ֆինանսական ներդրումները նայելիս տեսնում ենք, որ տարբերությունն ակնհայտ է»:
Կկրկնվի՞2018 թվականը, թե՞ մարդկանց ոգեւորությունը արագ կմարի, պարզ կդառնա շուտով:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։