ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քորթնի Աուստրիանը, ԵԱՀԿ հատուկ Մշտական խորհրդում պատասխանելով Ադրբեջանի արտգործնախարարին, խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշման մասին: Քորթնի Աուստրիանը ընդգծել է հետեւյալ կետերը.
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ադրբեջանը դուրս կբերի իր բոլոր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:
ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում է ընդհանուր միջազգային սահմանները սահմանազատելու շուրջ անհապաղ բանակցություններ սկսել, ամրապնդել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ վերադարձնել բոլոր գերիներին եւ կալանավորվածներին:
Հակամարտության գոտում արդյունավետ ականազերծման համար փոխանակել բոլոր տվյալները, վերացնել միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար ԼՂ մուտքի սահմանափակումները:
Խուսափել կրքեր բորբոքող կամ մարդատյաց հռետորաբանությամբ ատելություն սերմանելուց:
Հետաքննել մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները կամ չարաշահումները կամ միջազգային հումանիտար իրավունքի խախտումները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Միացյալ Նահանգները կողմերին հորդորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առանց նախապայմանների հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բարձր մակարդակի բանակցություններին: