ՀՀ եւ ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջեւ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, չինական կողմից՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ՉԺՀ փոխարտգործնախարար Լը Յուչընը նշել է, որ Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրականացումը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման գրավականն է։
Կողմերը գոհունակություն են հայտնել անցած ժամանակահատվածում կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարում հաջողված համագործակցության առթիվ: Ավետ Ադոնցը շնորհակալություն է հայտնել չինական կողմին Հայաստանին որպես օգնություն 100 հազար դեղաչափ CoronaVac պատվաստանյութ տրամադրելու համար: