Լոռու մարզի Վահագնի գյուղում վերջին օրերին հոլանդացի կամավորներ էին աշխատում։ Նրանք էներգախնայող են դարձրել վերականգնողական կենտրոնի շենքը, որն իրենց ներդրումներով է կառուցվում։
Մինչեւ Վահագնին ու մինչեւ այս ծրագիրը 2018-ից սկսած ամեն տարի Լոռու մարզ հոլանդացի ներդրողներ են եկել։ Սկզբում գյուղացիներին օգնելու, հարուստ, բայց անմշակ հողերը բերրի դարձնելու, հետո էլ՝ նրանց համար տանիքներ կառուցելու։
Տանիքներ Հայաստանի համար
Ամեն ինչ սկսվել է Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ բնակավայրից։ Երբ տարբեր ծրագրերի արդյունքում Հարթագյուղի բնակիչները կարողացել են գումար աշխատել, իրենց կարիքները հոգալ եւ «ինքնաբավ են դարձնել», հոլանդացիները որոշել են ներդրումներն ուղղել մարզի այլ գյուղերի զարգացմանը։ Եվ «Տանիքներ Հայաստանի համար» (Daken voor Armenië) ծրագիրը տեղափոխվել է Վահագնի։
Ինժեներ Սիթսե Վան Դեր Վուդն արդեն յոթերորդ անգամն է Հայաստան գալիս։ Նա եւ գործընկերները, որոնք տանիքներ վերանորոգող կազմակերպությունների ղեկավարներ են, Հոլանդիայում անձնական միջոցներով ներդրողների խումբ են ձեւավորել՝ Հայաստանին օգնելու նպատակով։ Ի դեպ, արդեն երկրորդ տարին է՝ խմբին Հոլանդիայում ապրող հայեր են միացել։
«Հայաստանի մասին նախկինում երբեք չեմ լսել։ Շատ կարեւոր էր ինձ համար, որ առաջին քրիստոնյա երկիր եմ գալու, շատ գրավիչ էր լինել այստեղ եւ տեսնել այն։ «Աստղիկ» հիմնադրամի միջոցով ենք իմացել այս երկրի մասին, հետո ծրագրերին ենք ծանոթացել, ինչը շատ հետաքրքիր էր մեզ համար», — պատմում է հոլանդացի կամավորը։
Ամեն տարի մինչեւ տասը տան տանիք եւ պատուհաններ են փոխում։ Մինչեւ տարեվերջ Վահագնիում վեց բազմազավակ ընտանիք ապահով տանիք կունենա․ հաշվարկներն արված են, անհրաժեշտ պարագաները՝ պատվիրված։ Կամավորները վերադառնալու են աշնանը։
«Ամենադժվար եւ ամենածախսատար գործն է արվում այս ծրագրով։ Տարիների մեր փորձը ցույց է տվել՝ երբ այլեւս չկան կաթացող տանիք, ջարդված լուսամուտներ, քամին ներս չի մտնում, բավական հարցեր արդեն լուծվում են, եւ ընտանիքը քայլ առ քայլ նորոգում է տունը», — ասում է «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը։
Քո կողքին
Վերականգնողական եւ կրթական կենտրոն՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Վահագնիում, որովհետեւ հարմար շենք եւ տարածք հենց այստեղ են գտել։ Բայց կենտրոնն ամբողջ մարզին է ծառայելու։ Անհրաժեշտ թերապիաներից բացի, 14-20 տարեկան երեխաներն ու երիտասարդներն այստեղ նաեւ մասնագիտություն են սովորելու, որ պատրաստ լինեն որպես լիարժեք մարդ հասարակություն մտնելու։
Հատկապես գյուղերում հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքները մեկուսացած են․ ամաչում են։ Մարիամ Անտոնյանը սա նկատել է տարբեր համայնքներ այցելությունների ընթացքում։
«Կենտրոնի գլխավոր նպատակը դա է լինելու՝ «բացել» երեխաներին եւ ցույց տալ ընտանիքներին, որ իրենք մենակ չեն, մենք իրենց կողքին ենք։ Նաեւ լսել նրանց ձայնը, որ իրենք մեզ ասում են՝ գիտե՞ք, մենք էլ ձեր կողքին ենք, մենք էլ կանք էս աշխարհում։ Այսինքն, երկուստեք ասում ենք, որ միմյանց կողքին ենք։ Իրենք մեզ նշան են անում, եւ մենք բռնում ենք նրանց ձեռքը»։
Լոռու մարզի ամբողջ տարածքում ապրող հենաշարժողական խնդիրներով երեխաներին ու երիտասարդներին հաշվառելուց հետո կարիքի գնահատում է արվելու՝ պարզելու համար, թե ով ինչ տեսակի բուժման կամ թերապիայի կարիք ունի, ով ինչ է կարող կամ ցանկանում սովորել։
Հացթուխ, հրուշակագործ, դերձակ, վարսավիր, անգամ ծրագրավորող կարող են դառնալ եւ աշխատել․ կենտրոնը կբացահայտի նրանց կարողությունները։ Հիսուն անձ միաժամանակ կարող է գտնվել վերականգնողական կենտրոնում։
«Մասնագետներ ընտրելու ենք ամենամոտ տարածքից, քանի որ սա նաեւ աշխատանքի հնարավորություն է մարզի մարդկանց համար։ Վերապատրաստումների բազմաթիվ ծրագրեր կունենանք, դրսից մասնագետներ ենք հրավիրելու։ Եվ ընտրելու ենք նրանց, ովքեր պատրաստ են սովորելու»,- ասում է Մարիամը։
Շենքի կառուցումն ու կահավորումը նախատեսում են ավարտել տարեվերջին։ «Քո կողքին» վերականգնողական կենտրոնի ծրագիրն իրականացվում է հինգ կազմակերպությունների (ԱՄՆ, Շվեյցարիա, Նիդերլանդներ) եւ անհատների շնորհիվ, որոնց շարքերում նաեւ հայազգի ներդրողներ կան։
Միայն շենքի կառուցման արժեքը 300 հազար եվրո է։
Սովորել եւ կիրառել
Վահագնիում աշխատող հոլանդացի կամավորները Հայաստանի տարբեր վայրերից հյուրեր են ունեցել, որոնք եկել են ծանոթանալու նիդերլանդական ջերմամեկուսացման համակարգի ներդրմամբ կառուցվող շենքին։
Մի քանի անգամ ավելի էներգիա խնայելու այս տեխնիկան Հայաստանում դեռեւս լայն տարածում չունի։ Անհրաժեշտ նյութերի մեծ մասն էլ այստեղ չկա։
«Էներգախնայող շենք է լինելու, փոքր ջերմությունն անգամ չի կորչելու։ Շատ կարեւոր է, որ այս մեթոդը կիրառվի ամբողջ Հայաստանում, քանի որ իրականում էներգիայի, գազի բարձր արժեքի խնդիր ունենք»,- նշում է Մարիամ Անտոնյանը։
Ժամանակը փող է
Հոլանդացի կամավորներն արդեն իրենց երկրում են։ Վահագնիում նրանց գործը երեք օր է տեւել․ աշխատանքի ժամին միայն աշխատել են։ Գյուղում զարմացած են՝ հորդառատ անձրեւին անգամ տանիքից չեն իջել։
Վերականգնողական կենտրոնի շենքում հիմա տեղացիներն են աշխատում։ Օգոստոսին Հոլանդիայից կրկին կամավորներ կգան։
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը ուրախությամբ է նշում, որ գյուղից գյուղ գնալով՝ նաեւ հոլանդացիների արդյունավետ աշխատելու փորձն են փոխանցում մարդկանց․ գործդ արագ ավարտիր եւ անցիր հաջորդ գործին, չէ՞ որ ժամանակը փող է։
«Գործ են անում՝ երգելով, կատակելով, ժպիտով։ Էս ազգն էլ շատ դժվարությունների միջով է անցել, ունեն օրեր, որ հիշում են այդ մասին, իսկ մնացած օրերին զարգացնում են իրենց երկիրը։ Մենք էլ պետք է սովորենք, որ ոչ թե անընդհատ մեր երկիրն ու մեզ խղճանք, այլ մտածենք, աշխատենք, զարգանանք։ Ինչո՞վ ենք պակաս ուրիշներից, եթե կարող ենք մեկս մյուսից սովորել, մեկս մյուսին փոխանցել մեր լավը։ Սրանք բաներ են, որ նշված չեն որեւէ ծրագրում, բայց պարտադիր է իրականացնելը»։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։