Վաշինգտոնը կշարունակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային գործընթացին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին թե արդյո՞ք Վաշինգտոնը կողմերի հետ շփումներ ունեցել է Ղազախստանում արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո բանակցությունների արդյունքների շուրջ։
«Ես պարզապես կասեմ, որ երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին, մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է: Դա այն է, որի մեջ պետքարտուղարը եւ մյուսները շարունակում են խորապես ներգրավված մնալ»,-ասել է Պատելը եւ շարունակել․ «Կողմերի միջեւ բանակցությունների վերաբերյալ որեւէ թարմացում չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին»։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Միրզոյանը եւ Բայրամովը հանդիպեցին Ալմա Աթայում եւ երկու օր տեւած բանակցություններից հետո հայտարարել, որ պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բանակցությունները այն հարցերի շուրջ, որոնք տարաձայնություններ են հարուցում կողմերի միջեւ։