Bloomberg գործակալությունը հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին, բացատրել է, թե ինչու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Շոյգուի փոխարեն պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել Անդրեյ Բելոուսովին։
Գործակալության երեք աղբյուրների համաձայն, որոնք խոսել են անանուն մնալու պայմանով, Պուտինը, չնայած Շոյգուի հետ ջերմ հարաբերություններին, նրան տեղափոխել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, քանի որ ՌԴ նախագահը «վերջնականապես կորցրել է համբերությունը՝ կապված այն հարցի հետ, որ պաշտպանության նախարարությունը ի վիճակի է պատերազմ վարել էնդեմիկ կոռուպցիայի պայմաններում»։
Bloomberg-ը նաեւ նշում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությունը փոխելու որոշման վրա կարող էր ազդել նաեւ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի 2023 թվականի ապստամբությունը, երբ դրա կազմակերպիչներն ու մասնակիցները Շոյգուին մեղադրեցին մարտի դաշտում Ռուսաստանի ձախողումների մեջ։
Գործակալության երկու աղբյուրներ, որոնք տեղեկություններ ունեն կապված այս հարցի մանրամասնությունների հետ, պատմել են, որ 65-ամյա Բելոուսովը զարմացել է, երբ Պուտինը նրան խնդրել է գլխավորել պաշտպանության նախարարությունը:
«Այնուամենայնիվ, նա առանց վարանելու համաձայնել է, քանի որ Պուտինին ընկալում է ոչ միայն որպես նախագահ, այլ որպես համաշխարհային գործչի, ով փոխում է համաշխարհային պատմության ընթացքը», — ասել է Bloomberg-ի զրուցակիցներից մեկը:
Կրեմլին մոտ կանգնած աղբյուրն էլ պնդում է, որ Պուտինն անձամբ է ընտրել Բելոուսովին, «քանի որ պատերազմը պետք է վարել սառը գլխով»։
Մայիսի 12-ին Պուտինը իր հրամանագրով Սերգեյ Շոյգուին նշանակել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար։ Միաժամանակ ՌԴ նախագահը Դաշնային պորհրդին առաջարկել է պաշտպանության նախարար նշանակել տնտեսագետ Անդրեյ Բելոուսովին։