ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ռուսական ուրանի ներմուծումն արգելող օրինագիծը, որն ավելի վաղ հաստատել էր ԱՄՆ Կոնգրեսը։
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ստորագրումից 90 օր հետո։ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը Մինչեւ 2028 թվականի հունվարը կարող է թույլտվություններ տալ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման համար, եթե մատակարարման այլ աղբյուրներ չլինեն։ Սահմանափակումն ուժի մեջ կմնա մինչեւ 2040 թվականը։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն հայտարարել է, որ սա «պատմական օրենք է, որը կամրապնդի ԱՄՆ էներգետիկ եւ տնտեսական անվտանգությունը եւ կվերացնի Ռուսաստանից քաղաքացիական միջուկային էներգիայի կախվածությունը»:
Սալիվանը նաեւ հույս է հայտնել, որ այս ոլորտի համար վերջերս հաստատված 2,72 միլիարդ դոլարի ֆինանսավորումը «կխթանի Միացյալ Նահանգներում հարստացման նոր կարողությունների ստեղծմանը եւ հստակ ազդանշան կուղարկի արդյունաբերությանը», որ Վաշինգտոնը միջուկային ոլորտում ձգտում է երկարաժամկետ աճի:
Բացի այդ, նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ն Կանադայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ոլորտում 4,2 միլիարդ դոլարի համատեղ ներդրման շուրջ ՝ նպատակուղղված ընդլայնելու ուրանի հարստացման եւ փոխակերպման կարողությունները:
Ամերիկյան ընկերությունները Ռուսաստանին տարեկան վճարում էին մոտավորապես 1 միլիարդ դոլար հարստացված ուրանի համար, որը հանդիսանում է միջուկային ռեակտորների հիմնական վառելիքը: «Ռոսատոմը» մատակարարում էր հարստացված ուրանի մոտավորապես 20 տոկոսը, որն օգտագործվում էր Միացյալ Նահանգների 93 միջուկային ռեակտորների աշխատանքի համար: