1990 թվականի մայիսի 27-ին հայկական ջոկատների եւ խորհրդային զորքերի միջեւ Երեւանի երկու տարբեր վայրերում տեղի ունեցած բախումների հետեւանքով սպանվեց 24, վիրավորվեց մի քանի տասնյակ մարդ։ Ժամանակային առումով մայիսի 27-ը ընկնում է Խորհրդային Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների երկու փուլերի՝ մայիսի 20-ի եւ հունիսի 15-ի միջև։
Ժամանակագրությունը եւ տարբեր պաշտոնյաների հայտարարությունները գուցե օգտակար լինեն՝ հասկանալու կատարված ողբերգության շարժառիթներն ու նպատակները։
Ապրիլի 6-ին Հայաստանի առաջնորդ, Կոմկուսի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, որը համարվում էր Միխայիլ Գորբաչովի հավատարիմ մարդը հանրապետությունում, հեռացավ պաշտոնից։ Նույն օրը նրան փոխարինեց Վլադիմիր Մովսիսյանը, որը Գորբաչովի հետ ուներ բարդ հարաբերություններ եւ համարվում էր Կարեն Դեմիրճյանի շրջապատի մարդ։ Գորբաչովը 1988-ի մայիսի 21-ին «վերակառուցման հակառակորդ» Դեմիրճյանին փոխարինել էր իր ընկեր Սուրեն Հարությունյանով։
Մովսիսյանը ապրիլի 8-ին Մոսկվայում հանդիպում է Գորբաչովի հետ։ Նա իր հուշերում գրում է, որ Մոսկվան փորձում էր 28 հազար զինվոր մտցնել Հայաստան, ինչին ինքը կտրականապես դեմ էր: Խորհրդային ուժային կառույցների ղեկավարները Մոսկվայում առանձնազրույցի ընթացքում շատ սուր դնում են Հայաստան զորք մտցնելու, Հայաստանում եւ Արցախում զենք կրողներին զինաթափելու հարցերը: Համաձայնություն է ձեռք բերվում միայն զորքեր տեղակայել Մեղրիի եւ Նախիջեւանի տարածքում՝ երկաթուղու երկու կողմերում, 10 կմ խորությամբ, որպեսզի այն անխափան աշխատի:
Ապրիլի 9-ին մի խումբ հայ ցուցարարներ ներխուժում են Գերագույն խորհրդի շենք, ծեծում նախագահ Հրանտ Ոսկանյանին:
Ապրիլի 13-ին հարձակում է կատարվում ՊԱԿ-ի շենքի վրա, մի քանի պատուհան կոտրելուց հետո ցուցարարները հեռանում են:
Մայիսի 20-ին տեղի են ունենում Գերագույն խորհրդի ընտրություններ, որոնցում փաստացի հաղթում են Կոմկուսին ընդդիմադիր եւ քննադատող ՀՀՇ-ի աջակցությունը վայելող թեկնածուները։ Ակնհայտ է դառնում, որ Խորհրդային Հայաստանում 70 տարի կառավարելուց հետո Հայկոմկուսը պարտվում է ընտրությունների ճանապարհով, եւ իշխանության է գալիս ընդդիմությունը։
Մայիսի 27-ի առավոտյան Երեւանի երկաթուղային կայարանում զինված մի ջոկատի եւ երկաթուղու զինվորական պահակախմբի միջեւ ընդհարման ընթացքում սպանվում է 6 քաղաքացի, վիրավորվում 10 զինվոր:
Ըստ պաշտոնական՝ Կոմկուսի տեսակետի, սպանվածները փորձել էին Կապան-Երեւան գնացքն ուղեկցող զինվորական պահակախմբից խլել զենքը: Կայարանից հեռանալուց հետո զինվորականները շրջապատում են Էրեբունի հիվանդանոցը, որտեղ տեղափոխվել էին սպանվածների մարմինները: Նույն օրը զինված մի խումբ փորձում է փակել Նուբարաշենից Երեւան տանող խճուղին: Զրահապատ մեքենաները գրոհում են դեպի Էրեբունի թաղամաս, անկանոն կրակ բացում. սպանվում է 17, վիրավորվում մի քանի տասնյակ քաղաքացի, զոհվում է նաեւ մեկ սպա: Մայիսի 28-ին գնդակոծվում է ՀՀՇ-ի շենքը, սպանվում է մի հայ երիտասարդ:
«Խորհրդային Հայաստան» օրաթերթը մայիսի 29-ի համարում գրել է․ «Մայիսի 27-ին Երեւանում անպատասխանատու անձանց հրահրած ողբերգական իրադարձությունների հետեւանքով, նախնական տվյալների համաձայն, զոհվել է 23 մարդ, այդ թվում՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի մեկ սպա: Կան մեծ թվով վիրավորներ: Հայաստանի Կոմկուսի կենտկոմը, Գերագույն խորհրդի նախագահությունը եւ Նախարարների խորհուրդը խոր ցավակցություն են հայտնում զոհվածների ընտանիքներին: Մայիսի 29-ին հանրապետությունում սուգ հայտարարել»:
«Արմենպրեսի» հետ հարցազրույցում Մովսիսյանն ասում է․ «Անպատասխանատու անձանց հրահրած զինված բախումը հանգեցրեց նոր զոհերի… Իրավիճակի վատթարացումը պայմանավորված է մի շարք գործոններով:
Ժողովրդավարացման ծնած ժողովրդական շարժումը մասնատվեց՝ ծնունդ տալով տարանջատված ուժերի, որոնք այսօր միմյանց հանդեպ անհանդուրժողական դիրք են բռնել… Այժմ գոյացել է նաեւ իշխանության ճգնաժամ: Անգործության են մատնված գործադիր եւ իրավապահ շատ մարմիններ: Օգտվելով դրանից՝ որոշ ուժեր ժողովրդական հուզումների ալիքը փորձում են ուղղել հակապետական, հակաազգային սադրանքների հունը: Վերջին երկու ամսվա ընթացքում անօրինականությունները եւ մայիսի 27-ի ողբերգական իրադարձությունները դրա վկայությունն են»։
Շարժման եւ ՀՀՇ առաջնորդներից Աշոտ Մանուչարյանը համոզված է` մայիսի 27-ը Մոսկվայի սադրանքն էր. «Այդ դեպքերը սկսվեցին կայարանում եւ շարունակվեցին Նուբարաշենում: Հարյուրավոր անգամներ նման դեպքեր եղել էին. այսինքն` մեր ազատամարտիկները պայմանավորվում էին ռուս զինվորականների հետ, հարձակման իմիտացիա էին ստեղծում եւ զենքը վերցնում, ըստ էության` այդ զենքը գնվում էր: Բայց պետք էր հարձակում ներկայացնել, որպեսզի ռուս զինվորականությունը պատասխանատվության չենթարկվեր: Մեկ էլ հանկարծ 101-րդ անգամ կրակում են: Սա կարելի էր թյուրիմացություն համարել, եթե շարունակությունը չլիներ Նուբարաշենում: Շարժման գրասենյակում հավաքվեցին ջոկատների հրամանատարները, եւ բոլորին խնդրեցինք` ոչ մի դեպքում չգնալ սադրանքների»։
«Մոսկվայի ոճրագործ սադրանքը» վերնագրով հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղի ունեցած ողբերգական դեպքերը կապում էր մայիսի 20-ի Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունների արդյունքների հետ: Մայիսի 22-23-ը Հայաստանի ղեկավարությունը` Մովսիսյան, Ոսկանյան, Մարգարյանց, կանչվում է Մոսկվա, իսկ մայիսի 26-ին Երեւան են ժամանում ԽՍՀՄ ներքգործնախարարի տեղակալ Շիլովը, ներքին զորքերի հրամանատար Շատալինը, ՊԱԿ-ից` Լուկինը: Մի կողմից՝ ՀՀՇ-ի, մյուս կողմից` Մոսկվայից ժամանած պաշտոնյաների ու Հայաստանի ղեկավարության միջեւ հանդիպումներից պարզվում է, թե իբր ահազանգ է ստացվել, որ մայիսի 27-28-ին Երեւանում տեղի են ունենալու զանգվածային անկարգություններ. փորձ է արվելու տապալել Լենինի արձանը, կազմակերպել անկախության օրվան նվիրված աշխարհազորային շքերթ, գրավել կառավարական շենքը:
«Կենտրոնը եւ տեղական մաֆիան արեցին ամեն ինչ`թույլ չտալու, որ իշխանության գան ժողովրդական ուժերը: Դիմեցին ահաբեկումների, վարկաբեկիչ հոդվածների, նույնիսկ արյունահեղության, որի գագաթնակետը դարձավ մայիսի 27-ի արյունոտ սադրանքը, որին զոհ գնաց 24 հայ երիտասարդ: Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել, եւ իշխանությունները համոզվել էին, որ եթե չդիմեն վճռական քայլերի, նրանք անխուսափելիորեն պարտություն պետք է կրեն: Հայ ժողովուրդը կարողացավ խուսափել ավելի ծանր արյունահեղությունից եւ փաստորեն վիժեցնել Մոսկվայի եւ տեղական մաֆիայի վերջին սադրանքը`ուղղված ժողովրդական շարժման դեմ»,- ասել է Տեր-Պետրոսյանը։
Ողբերգական այս դեպքերի հետ, թվում է, առնչություն ունի նաեւ Հայ ազգային բանակ՝ ՀԱԲ ռազմականացված միավորումը։ Նրա ղեկավարներից Վարդան Վարդանյանը մայիսի 27-ի դեպքերի մասին ասել է. «Ապրիլին լուր ստացանք, որ ՊԱԿ-ը նախապատրաստում է ՀԱԲ-ի եւ ՀՀՇ-ի բախումը: Մի քանի անգամ Մոսկվայից եկան զանազան պաշտոնյաներ, եկավ գեներալ-մայոր Շատալինը: Նրանց նպատակը ՀԱԲ-ի կամավոր զինաթափումն էր: Շատալինը համոզվեց, որ զինաթափվելու մտադրություն չունենք: Որոշեցին գործի դնել ՊԱԿ-ի զենքը` իրար դեմ հանել հռչակված ՀՀՇ-ն եւ նույնքան հռչակված ՀԱԲ-ը: ՀՀՇ-ն նպատակ էր դրել խայտառակելու կոմկուսին, նաեւ ՀԱԲ-ին, որին համարում էր կոմկուսի դրածո: ՀՀՇ-ն մեղադրում էր ՀԱԲ-ին, թե իբր նրա ջոկատն է հարձակվել Կապանի գնացքն ուղեկցող ռուս զինվորների վրա»։
Ուշագրավ են ողբերգությանը հաջորդած մի քանի դեպքեր ու իրադարձություններ։ Գորբաչովը 1990-ի հուլիսի 25-ին ստորագրեց «ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու եւ անօրինական զենք պահելու դեպքում այն առգրավելու» հրամանագիրը: ԽՍՀՄ-ի տարածքում ստեղծված սպառազեն կազմավորումները, որոնք նախատեսված չէին օրենսդրությամբ, համարվում էին անօրինական եւ ենթակա ցրման 15-օրյա ժամկետում, իսկ նրանց զենքերը պետք է հանձնվեին ներքգործնախարարություններին: Ակնհայտ է, որ Գորբաչովի այս հրամանագիրը առաջին հերթին վերաբերում էր Խորհրդային Հայաստանին եւ նրա տարածքում գործող զինված խմբավորումներին ու նախ եւ առաջ ՀԱԲ-ին։
Հրամանագրի կատարման հետ կապված՝ Գորբաչովը հուլիսի 30-ին հատուկ դիմում հղեց Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին` խնդրելով օգտագործել իր ամբողջ «մեծ հեղինակությունը, հարուստ կենսափորձն ու մարդասիրության բարձրագույն զգացումը»` կանխելու արյունահեղությունն ու ազգամիջյան բախումներն Անդրկովկասում:
Տեր-Պետրոսյանի պնդմամբ՝ Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները ցույց էին տվել, որ կոմունիզմի ուրվականը պետք է հրաժեշտ տա Հայաստանին:
ՀՀՇ-ն եւ Կրեմլը ակնհայտորեն ունեին հակասություններ, սակայն Գորբաչովի հուլիսի 25-ի հրամանագիրն անուղղակիորեն բխում էր ՀՀՇ-ի շահերից, քանի որ շարժումն ընտրություններում փաստացի հաղթել էր, նրա իշխանության գալը միայն ժամանակի խնդիր էր, եւ նրան միակ անհանգստացնող, խոչընդոտող ուժը հենց ՀԱԲ-ն էր:
«Եթե կոմունիստական իշխանությունը շարունակվեր եւս մեկ-երկու ամիս, մենք չէինք կարողանա խուսափել քաղաքացիական պատերազմից, որովհետեւ հին իշխանությունները չէին վայելում ժողովրդի վստահությունը:
Ոստիկանությունը, ՊԱԿ-ը անգործության էին մատնված, կազմալուծված էին, կորցրել էին իրենց հեղինակությունը, եւ դրանցով հնարավոր չէր պայքարել ավազակախմբերի դեմ: Դրանց դեմ կարող էր պայքարել աշխարհազորի առողջ ուժը` երկրապահ ջոկատները, որոնք ընդունում էին ՀՀՇ-ի կարգախոսը: 15 օրվա ընթացքում Խորհրդային Միությունում զինված բոլոր ջոկատները պետք է ցրվեին, եւ զենքը վերադարձվեր: Դա առաջին հերթին վերաբերում էր Հայաստանին: Մեզ հաջողվեց Մոսկվային համոզել եւ աշխարհին ապացուցել, որ ի վիճակի ենք այդ զինված ջոկատների հարցը լուծելու սեփական ուժերով` թույլ չտալով խորհրդային բանակի եւ նրա ներքին զորքերի միջամտությունը»,- ասել է Տեր-Պետրոսյանը Լոս Անջելեսում հայերի հետ հանդիպմանը 1990-ի սեպտեմբերին, երբ արդեն ընտրվել էր խորհրդարանի նախագահ եւ դարձել Խորհրդային Հայաստանի առաջին ոչ կոմունիստ առաջնորդը 70 տարիների ընթացքում:
Ավելի քան 30 տարի է անցել այն օրից, երբ 1990-ի մայիսի 27-ին Երեւանում խորհրդային զորքերի կրակից սպանվեցին 24 հայեր։ Ողբերգական այդ դեպքերի մասին, սակայն, մինչեւ այսօր չկա համապարփակ վերլուծություն, աշխատություն կամ վավերագրական ֆիլմ, որոնք կարող էին պատասխան տալ բազմաթիվ հարցերի եւ առաջին հերթին, թե ինչքանով են Խորհրդային Հայաստանի Կոմկուսն ու Երեւանի քաղաքապետը պատասախանատու այդ ոճրագործության համար։
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։