Աշխատանքային այցով Դանիայի թագավորություն ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն եւ ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու եւ ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ կարեւորել կապերի զարգացման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության տեքստում եւ ավելացվում, որ մտքեր են փոխանակվել կեղմերի համար հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
Հաղորդագրության համաձայն Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը: Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
«Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Տիկին Ֆրեդերիկսենը հրավերը սիրով ընդունել է»,-ասվում է հաղորդագրության տեքստում: