Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։
84 պատգամավոր կողմ է քվեարկել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ քննարկման դրված օրինագծին, չնայած երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիների բողոքի ակցիաներին եւ Վրաստանի միջազգային գործընկերների քննադատությանը։ Դեմ է քվեարկել 30 ընդդիմադիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ խոստացել էր, որ վետո կդնի օրինագծի վրա։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահը ստորագրում եւ հրապարակում է օրենքը 10 օրվա ընթացքում կամ այն վերադարձնում խորհրդարան՝ պատճառաբանված մեկնաբանություններով։ Եթե դրանից հետո նախագահը կրկին չի ստորագրում օրենքը, այն ստորագրում եւ հրապարակում է խորհրդարանի նախագահը։
«Վրացական երազանքը» խորհրդարանում բավականաչափ ձայներ ունի՝ վետոի արգելքը վերացնելու համար։
Ժամկետը, որի ընթացքում խորհրդարանը պետք է հաղթահարի նախագահի վետոն, սահմանադրությամբ սահմանված չէ: Ենթադրվում է, որ «Վրացական երազանքը» կարող է վերջնականապես օրենքը հաստատել հունիսի կեսերին։