Եգիպտոսը դիտարկում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման հնարավորությունը՝ Գազայի հատվածի Ռաֆահ անցակետում Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման ֆոնին։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով արաբական պետությունների պաշտոնյաներին։
Հրատարակության համաձայն՝ երկու երկրների հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է նրանով, որ Իսրայելը Եգիպտոսին ծանուցել է գործողության մասին դրա սկսվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ, որի արդյունքում իսրայելական կողմի վերահսկողության տակ է հայտնվել անցակետը։
Մինչ այդ հրեական պետությունը Կահիրեին տեղեկացրել էր իր ծրագրերի մասին՝ վստահեցնելով, որ սահմանային անցակետը չի տուժի հարձակումից, եւ որ Ռաֆահ քաղաքի բնակիչներին մի քանի շաբաթ ժամանակ կտրվի անվտանգ տարհանվելու համար։
«Այս երաշխիքներից ոչ մեկը չիրականացվեց, քանի որ Իսրայելը մեզ տեղեկացրեց, անցակետը իր վերահսկողության տակ է վերցրելու մասին շատ կարճ ժմանակ անց», — պարբերականին ասել է աղբյուրներից մեկը։
Եգիպտոսը նույնպես հրաժարվել է բացել Գազայի հետ սահմանն իր կողմից, քանի դեռ Ռաֆահ անցակետը գտնվում է իսրայելական ուժերի վերահսկողության տակ, նշում է պարբերականը։
«Մենք մտադիր չենք սառեցնել հարաբերությունները կամ հրաժարվել Քեմփ Դեյվիդի համաձայնագրից (որը 1979 թվականին դարձեր էլ Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ հիմնական խաղաղության պայմանագրի հիմքը) […]։ Բայց քանի դեռ իսրայելական ուժերը մնում են անցակետում, Եգիպտոսը ոչ մի բեռնատար չի ուղարկի Ռաֆահ»,-ասել է մեկ այլ պաշտոնյա։
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 12-ին հայտարարել է, որ միացել է հրեական պետության դեմ ուղղված հայցին, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացրել էր ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան։ Արտաքին գործերի նախարարությունն այս որոշման պատճառ է անվանել «Իսրայելի կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքների համակարգված խախտումները»։ Եգիպտոսը Իսրայելին կոչ է արել կատարել Միջազգային դատարանի հրամանները՝ պաղեստինցիներին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ։
Մայիսի 6-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Ռաֆահի արեւելյան շրջաններում բնակչության տարհանման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին։ Մայիսի 7-ին բանակը հայտարարել է քաղաքի արեւելյան մի քանի շրջաններում ռազմական գործողություն սկսելու եւ Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին համանուն սահմանային անցակետը վերահսկողության տակ առնելու մասին։
Ինչպես մայիսի 10-ին լրագրողների համար ճեպազրույցում ասել էր Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, Միացյալ Նահանգները Իսրայելի այս գործողությունները չի դիտարկում որպես ներխուժում պաղեստինյան Ռաֆահ քաղաք կամ խոշոր ռազմական գործողության նածաձեռնում։