Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում եւ կհսկեն Թուրքիայի ու Իրանի հետ սահմանը։ Այս մասին Դաշնային խորհրդում հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։
«Ի դեմս սահմանապահների Հայաստանում մեր ներկայությունը կպահպանվի»,- ասել է Բորտնիկովը։
Նա նաեւ նշել է, որ սահմանազատման գծից ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը դուրս բերելու եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը փակելու Հայաստանի խնդրանքը իրականացվել է։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորականների եւ սահմանապահների դուրսբերման շուրջ հանրապետության մի շարք շրջաններից։
Ապրիլին նաեւ հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատումից հետո ռուս սահմանապահները կլքեն նաեւ Տավուշի մարզը։ Փաշինյանը բացատրեց, որ Տավուշում ռուսական սահմանապահ կետերը հայտնվել են սահմանին լարված իրավիճակի պատճառով, սակայն այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կարող են ինքնուրույն վերահսկել իրավիճակը։