Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկա օրերին ռուսական զորքերը կարող են նոր հարձակում սկսել Սումիի շրջանում։
Նա չափազանց ծանր է անվանել Ուկրաինայի զինված ուժերի վիճակը Խարկովի մոտ, որտեղ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացման փորձերը դեպի Վոլչանսկ։
«Իրադրությունը վատթար է։ Յուրաքանչյուր ժամ այս իրավիճակը մոտենում է կրիտիկականին»,-բունկերից տված հարցազրույցում ասել է Բուդանովը։
Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը համաձայն է փորձագետների մեծամասնության այն գնահատականների հետ, որ Խարկովի մոտ ռուսական հարձակման նպատակներից մեկը ուկրաինական առանց այն էլ սուղ ռեզերվների սպառումն է, եւ նրանց ռազմաճակատի այլ հատվածներից, այդ թվում՝ Դոնեցկի շրջանից, ծանր իրավիճակում հայտնված հատվածներ տեղափոխելն է։
Ինչպես ասել է Բուդանովը Ուկրաինայի զինված ուժերի համար այժմ բավականին բարդ է նոր ուժեր գտնելը։ «Մեր բոլոր զորքերը հիմա կա՛մ այդտեղ են, կա՛մ Չասով Յարում»,-ասել է Բուդանովը։
Չասով Յարը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է Դոնեցկի շրջանում՝ Ավդեեւկայից ոչ հեռու, որի ուղղությամբ վերջին ամիսներին ռուսական բանակը փորձում է առաջ շարժվել։
«Ես օգտագործել եմ այն ամենը, ինչ ունեինք: Ցավոք, մենք ռեզերվում ոչ ոք այլեւս չունենք»,- ասել է Բուդանովը։
Նա ենթադրել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ուկրաինական բանակը կկարողանա կայունացնել Խարկովի մերձակայքում գտնվող ճակատը, իսկ ռուսական բանակի հարձակումը կշարունակվի մոտ երեքից չորս օր։ Սակայն դրանից հետո ռուս զինվորականները կարող են նոր հարձակում սկսել՝ արդեն Սումիի շրջանում, կարծում է Բուդանովը։
Ուկրաինացի այլ պաշտոնյաներ նույնպես հայտնել են, որ Ռուսաստանը զորքեր է կուտակում Սումիի շրջանի սահմանների մոտ, գրում է NYT-ը։
Բուդանովի խոսքով, Ռուսաստանի խնդիրներից մեկը շրջանում խուճապ ստեղծելն է։
«Հիմա մեր խնդիրն է կայունացնել ճակատը, այնուհետեւ սկսել նրանց հետ մղել սահմանից այն կողմ»,- ասել է Բուդանովը New York Times-ին:
Հետախուզության գլխավոր վարչության ղեկավարի խոսքով՝ ուկրաինական ռեզերվներն արդեն օգնել են ռուսական բանակի «ծրագրերը մասամբ խափանելուն»։