Աշխարհահռչակ թուրք գրող, նոբելյան մրցանակի դափնեկիր, նյույորքաբնակ Օրհան Փամուքը թուրքական Kısa Dalga գործակալությանը իր նոր գրքի վերաբերյալ հարցազրույցում շոշափել է նաեւ Թուրքիայի ներքաղաքական կյանքն ու արտահայտել իր քաղաքական հայացքները:
Օրհան Փամուքը, որի գրքերն աշխարհում տպագրվել են 14-15 միլիոն օրինակով, եւ որի՝ Թուրքիայում վաճառված գրքերի թիվն արդեն անցել է 3 միլիոնը, բնութագրել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերջին իրադարձությունները:
«Թուրքիայում ժողովրդավարության՝ միայն քվեատուփում քվեաթերթիկ գցելու պահն է մնացել: Ակնհայտ է, որ Թուրքիան ժողովրդավար չէ: Հենց քվեատուփերից ցանկալի արդյունք չեն ստանում, այդ քվեատուփերը առեւանգում են: Իշխող կուսակցության օգտին քվեարկելու դեպքում ժողովրդավարության նման մի բան կլինի: Չկա մտքի ազատություն, դատարանները, վերստուգիչ-վերահսկիչ հաստատությունները չունեն ազատություն: Նույնիսկ կենտրոնական բանկն է զուրկ ինքնուրույն քայլերից»,- ընդգծել է թուրք գրողը:
Ըստ Օրհան Փամուքի՝ Թուրքիայի գլխավոր խնդիրներից մեկը մտքի ազատության բացակայությունն է: «Որտեղ մտքի ազատություն չկա, ոչ ոք ի վերջո չի կարող ճշմարիտ լինել»,- ասել է գրողը՝ հավելելով, որ դրա լավագույն ապացույցը Թուրքիայում՝ աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողներ եւ քաղբանտարկյալներ ունենալու հանգամանքն է:
«Քաղաքականությունից խոսողներին փողոցում ծեծում են, կոտրում մատները, սպառնում, վերջում գործին միջամտում է մաֆիան»,- եզրափակել է Օրհան Փամուքը: