Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում նախօրեին՝ մայիսի 14-ին տեղի տեղի ունեցավ Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ առաջին պաշտպանական խորհրդակցությունները։ Նիստը նախագահել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանը եւ Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիին:
Խորհրդակցություններին մասնակցել է նաեւ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:
Հայաստանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակումը այլ բնագավառներում:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում ընթացող բարեփոխումները։
Նշվում է, որ նիստի ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձեւավորում, ինչպես նաեւ հաստատվել Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ 2024-2025 թթ. համագործակցության պլանը։