Հայաստանում ԵՄ առաքելությունն ավելի շատ գործում է հարեւանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի դեմ, եւ բացահայտ սադրիչ գործողություններ է իրականացնում։ Այս մասին News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այն փաստը, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը, հաշվետվողականության եւ վերահսկողության բացակայությունը՝ Հայաստանին, Ադրբեջանին, այլ շահագրգիռ երկրներն ու կառույցներին»,-ասել է Գալուզինը եւ հավելել․ «Առաքելությունն իրականացնում է բացահայտ սադրիչ գործողություններ, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության՝ որպես Հայաստանի «անվտանգության եւ բարգավաճման աղբյուրի» մասին»։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքերով ԵՄ դիտորդների գործունեությունը գնալով ընդունում է հակաադրբեջանական եւ հակաիրանական բնույթ։
Գալուզինը նշել է, որ տարածաշրջանային անվտանգության, կայունության եւ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման խնդիրների տեսանկյունից «արեւմտյան երկրների՝ տարածաշրջանը ռազմականացնելու եւ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցությունը ընդլայնելու ծրագրերը անհամապատասխան են»։
Ռուս դիվանագետը հարցազրույցի ընթացքում նաեւ հավելել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիների ամբողջական ապաշրջափակման օգտին։ «Հենց սրանով է զբաղված 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ»,-ասել է Գալուզինը եւ հավելել, որ «արեւմտյան երկրների ճնշման ներքո Երեւանը որոշել է սառեցնել եռակողմ համագործակցությունը նաեւ այս ուղղությամբ»։