ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ անվտանգության ոլորտին վերբաերվող պայմանագիր կկնքի 10 տարի ժամկետով։ Այս մասին նախօրեին՝ մայիսի 14-ին, Կիեւի պոլիտեխնիկական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Բլինկենի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինայի պաշտպանությանն ու անվտանգությանը մի շարք ոլորտներում՝ «ավիացիայից մինչեւ հակաօդային պաշտպանություն, անօդաչու սարքերից մինչեւ ականազերծում»։
Միեւնույն ժամանակ համաձայնագիրը չի նախատեսի Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորեքրի տեղակայում։ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում Վաշինգտոնը ամենաբարձր մակարդակով կհամագործակցի Կիեւի հետ, որպեսզի համաձայնեցնի, հնարավոր սպառնալիքի դիմակայության հետ կապված հարցերը։
Համաձայնագիրը նման է այն համաձայնագրերին, որոնք Կիեւն արդեն կնքել է կամ պատրաստվում է կնքել այլ բարեկամ երկրների հետ։
Բացի այդ, Բլինկենն ասել է, որ երկու երկրների միջեւ անվտանգության համաձայնագիրը կօգնի արագացնել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը եւ թույլ կտա Ուկրաինային ապագայում սեփական զինամթերք եւ հրետանի արտադրել։