2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակողական գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գլուզինը News.ru պորտալին տված հարցազրույցի ժամանակ։
«Նշենք, որ սեպտեմբերյան նշված իրադարձությունները հենց այնպես չեն տեղի ունեցել։ Հայաստանի իշխանությունները 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը դրա կազմում։ Միեւնույն ժամանակ Երեւանը մեզ այս մասին տեղյակ չի պահել։ Այն ժամանակ շրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարց չի քննարկվել»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինի խոսքերով Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչն էլ իր հերթին ուղղակիորեն ազդել է ռուս խաղաղապահների գործունեության վրա։
Անդրադառնալով Արցախում տեղակայվելուց հետո խաղաղապահների իրականացրած գործունեությանը Գալուզինը նշել է, որ խաղաղապահների շնորհիվ է հաջողվել 2023-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ խուսափել քաղաքացիների շրջանում մեծ կորուստներից։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, բառացիորեն մեկ օրվա ընթացքում, պայմանավորվածություն ձեռք բերվեց դադարեցնել ռազմական գործողությունները, եւ բանակցություններ սկսվեցին Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ։ Մեր խաղաղապահները ապաստան են տրամադրել խաղաղ բնակչությանը, հումանիտար օգնություն են հասցրել եւ կազմակերպել բժշկական տարհանումներ»,-պատմել է Գալուզինը։